Հասարակական

Վարչապետի գլխավորությամբ կվերլուծվեն ԶՈՒ լայնածավալ զորավարժության արդյունքները

2 րոպեի ընթերցում

Վարչապետի գլխավորությամբ կվերլուծվեն ԶՈՒ լայնածավալ զորավարժության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերի գլխավոր շտաբը նախատեսում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վերլուծել Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացված «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության արդյունքները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:

«Պլանավորված է մի քանի վերլուծականներ իրականացնել բոլոր օղակների ստորաբաժանումների հետ: Խնդրել ենք վարչապետին իր գլխավորությամբ իրականացնել արդյունքների ամփոփում երկրի պատրաստվածության մակարդակի հետ կապված: Կարևոր փուլ է մեկնարկում՝ վերլուծելու բոլոր արդյունքները, իրականացնելու համապատասխան հետևություններ»,- ասաց Դավթյանը:

Սեպտեմբերի 24-ին ժամը 06:00-ին ստացվել է ՀՀ կառավարության որոշումը՝ ՀՀ-ում պայմանականորեն ռազմական դրություն հայտարարելու մասին: Զինված ուժերի կառավարման մարմիններն ու զորքերը կարգադրական կարգով բերվել են մարտական պատրաստության լրիվ աստիճանի:

«Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժության նպատակներն են ՀՀ զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական ստուգումը, ներգրավված ուժերի և միջոցների մարզումը, զորահավաքային խնդիրների կատարման ուղղությամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, ԶՈՒ ղեկավարման օղակներին և զորահավաքային ռեսուրսներին գործնական փորձի հաղորդումը, զորավարժություններին ընդգրկված ուժերի, միջոցների, զորահավաքային մարմինների և ռեսուրսների հնարավորությունների ուսումնասիրումն ու ճշգրտումը, շտաբների գործողությունների ներդաշնակումը:

Զորավարժության ընթացքում ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների կողմից իրականացվել են պայմանական նշանակետերի խոցումներ՝ մարտական կրակի կիրառմամբ: Զորավարժություններն ընթացել են մինչև հոկտեմբերի 5-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում