Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ՄԱԱԶԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է նորարարության օրակարգը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը ՄԱԱԶԿ-ի ներկայացուցչի հետ քննարկել է նորարարության օրակարգը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է Միացյալ ազգերի կազմակարպության արդյունաբերության զարգացման կազմակերպության Առևտրի, ներդրումների և նորարարությունների վարչութան գործարար միջավայրի, կլաստերի և նորարարությունների բաժնի ղեկավար Օլգա Մեմեդովիչի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զրույցի առանցքում է եղել նորարարության օրակարգը։

Նախարար Տիգրան Խաչատրյանը ողջունել է պաշտոնյային և նշել. «ՄԱԱԶԿ-ի հետ իրականացվող բոլոր ծրագրերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն։ Դրանք մեր արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացման գործում իրենց էական դերակատարությունն ունեն, մասնավորապես տեքստիլի, կաշվի արտադրության ոլորտում։ Շնորհակալություն ՄԱԱԶԿ-ին այդ աջակցության համար։ Այսօր էլ պատրաստակամ ենք քննարկելու այն բոլոր հնարավորությունները հատկապես ինովացիայի և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որ մեր շուրջը կուտակված են»։

Օլգա Մեմեդովիչը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և ներկայացրել իր գործունեությունը անդամ-երկրներում։ Նա ընդգծել է թվային փոխակերպման անհրաժեշտությունը և արդյունաբերությունում բարձր տեխնոլոգիաների ներմուծման կարևորությունը։

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվական ռեսուրսներով, ինչպես նաև համագործակցել նշված ոլորտներում հայեցկարգային փաստաթղթերի մշակման աշխատանքներում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում