Իրավունք

ԲՀԿ-ն Թովմասյանի հարցով քվեարկությանը չի մասնակցում նախագծի իրավական թերությունների պատճառով

3 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն Թովմասյանի հարցով քվեարկությանը չի մասնակցում նախագծի իրավական թերությունների պատճառով

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քվեարկությանը չի մասնակցում բացառապես այն պատճառով, որ նախագիծը իրավական առումով ոչ լիարժեք է համարում: Նման որոշում կայացնելիս չեն դիտարկել Հրայր Թովմասյանի լիազորությունների և կոմպետենտության հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նախագծի քննարկմանը հայտնեց խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:

«Մենք ասել ենք, որ չենք մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած նախագծի քվեարկությանը: Չենք մասնակցելու բացառապես դրա՝ իրավական առումով ոչ լիարժեք և բազմաթիվ խոցելի մասեր ունենալու հարցով պայմանավորված»,-ասաց Տոնոյանը:

Պատգամավորն առաջարկեց ծանոթանալ իրենց պատրաստած այն տեղեկանքին, որում առանձնացրել են նախագծում իրենց նկատած իրավական խութերը՝ սկսած ժամկետների խախտումից: Տոնոյանը նաև նշեց, որ նման որոշման համար նկատի են ունեցել նաև այն հանգամանքը, որ ներկայացրած լրջագույն փաստաթղթում որպես աղբյուր նշված է «Վիքիպեդիան»:

«Հրայր Թովմասյանը մեր աչքի լույսը չէ: ԲՀԿ-ից որևէ մեկը նրա երկրպագուն չէ: Եվ հենց սա վկայակոչում է այն հանգամանքը, որ մենք դեռևս 2018-ին դեմ ենք քվեարկել նրա թեկնածությանը և դրա համար ունեցել ենք մեր հիմնավոր փաստարկները: Սակայն մենք այսօր չեն մասնակցում իրավական առումով ոչ լիարժեք նախագծի քվեարկությանը և չենք դիտարկում Հրայր Թովմասյանի լիազորությունների և կոմպետենտության հարցը»,-ասաց Տոնոյանն ու հավելեց՝ եթե երբևէ որևէ կարգապահական խախտում և նմանօրինակ կարգազանցություն նկատեն, որևէ կերպ սահմանափակված չեն լինելու այդ մասին բարձրաձայնել:

Պատգամավորը նաև անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հորդորներին՝ վերանայելու իրենց տեսակետը: «Եթե այս հարցի հետ կապված այդքան կարևոր էր խորհրդարանական կոնսենսուսը, 3 խորհրդարանական խմբակցությունների մասնակցությունը, ապա կարելի էր նախագիծը շրջանառության մեջ դնելուց առաջ հաշվի առնել խմբակցությունների կարծիքը, նախօրոք ունենալ քննարկումներ»,-ասաց Տոնոյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ավելի վաղ հայտնել էր, որ չեն մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախաձեռնված՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագծի քվեարկությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում