Հասարակական

Աննախադեպ ծավալի զորավարժությունները կապված չեն արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ. Վարչապետ

4 րոպեի ընթերցում

Աննախադեպ ծավալի զորավարժությունները կապված չեն արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ. Վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հայտարարվում է պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 40 օր ժամկետով` 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 30-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորում հաշվառված քաղաքացիների` ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման, մասնագիտական պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով:

Վարժական հավաքներին կներգրավվի ընդհանուր թվով 316 քաղաքացի, որոնցից 220–ը` շարքային կազմի, 12-ը` ենթասպայական կազմի, 84-ը` սպայական կազմի պահեստազորայիններ:

Վարժական հավաքներում ներգրավվում են` հրթիռահրետանային մասնագիտություններով` 159 պահեստազորային, հակաօդային պաշտպանության մասնագիտություններով` 6 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 18-24-ը ներառյալ,կապի մասնագիտություններով` 23 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 6-12-ը ներառյալ,հետախուզական մասնագիտություններով` 95 պահեստազորային, որոնցից` տեխնիկական մասնագիտություններով` 33 պահեստազորային` 2019 թվականի նոյեմբերի 4-10-ը ներառյալ:

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ»,- ասաց Դավիթ Տոնոյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելեց, որ սրանք պլանային իրադարձություններ են: «Այո, ասել ենք, որ այն զորավարժությունները, որ իրականացվում են, աննախադեպ ծավալի են, բայց դա կապված չէ արտաքին կոնյունկտուրայի փոփոխության հետ, դա կապված է որոշակի գործելաոճի փոփոխության հետ: Այն վիճակում, որը գիտենք բոլորս, որևէ բան չի փոխվել: Այս ծավալի զորահավաք մենք չենք ունեցել»,- ասաց կառավարության ղեկավարը:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ՀՀ զինված ուժերը համալրվել են նոր սպառազինությամբ ու ռազմական տեխնիկայով, անհրաժեշտություն է պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակի բարձրացումը` պահեստազորում կուտակելով համապատասխան զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայինների: Բացի այդ, անհրաժեշտ է, որպեսզի զինված ուժերում ունենանք մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ եւ ռազմաուսուցված պահեստազորայիններով: Այս նպատակով ՀՀ զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման եւ պատրաստման վարժական հավաքներ, և զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված ու անհրաժեշտ զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով: Այս գործընթացը կրում է շարունակական բնույթ, եւ հետագա տարիներին կընդգրկվեն նոր ստորաբաժանումներ և նոր պահեստազորայիններ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում