Փաշինյանը կարևորում է ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվարկեց Եվրասիական տնտեսական միության արդյունավետության բարձրացմանը և կառույցի անդամ երկրների միջև համագործակցության հետագա խթանմանը նպաստելու հնարավորություն ընձեռող հարցերը, որոնք լուծման կարիք ունեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը խոսեց հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի ունեցած ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի իր ելույթի ընթացքում:

«Դրանց թվին են պատկանում, օրինակ, ԵԱՏՄ շրջանակում աշխատուժի ազատ տեղաշարժի համար առկա արգելքները վերացնելուն ուղղված միջոցները, որոնք խոչընդոտում են աշխատուժի միասնական շուկայի ձևավորմանը: Էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը հնարավոր մատակարարների՝ էլեկտրոնային ձևաչափով գնումներին անխոչընդոտ մասնակցությունն ապահովելու համար նույնպես առանձնահատուկ ուշադրություն պահանջող առաջնահերթ հարցերից է, և անհրաժեշտ է բոլորիս համար ընդունելի լուծում գտնել»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ ինտեգրման գործընթացը կլինի ավելի դինամիկ, եթե ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները համոզվեն, որ կառույցի աշխատանքի արդյունքում որոշումներ են կայացվում զգայուն հարցերի վերաբերյալ, որոնք հանգեցնում են նրանց կենսամակարդակի և աշխատանքային պայմանների անմիջական բարելավմանը:

«Վստահ եմ, որ այս ուղղությամբ իրականացվող հետևողական աշխատանքը թույլ կտա մեզ ոչ միայն արդյունավետորեն վերացնել խոչընդոտները, այլև կնպաստի առավել ամբողջական ինտեգրմանը՝ հավասարության, փոխադարձ շահի և միմյանց շահերի հարգանքի սկզբունքների հիման վրա: Մենք նաև անհրաժեշտ ենք համարում ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված ԵԱՏՄ երկրների միջև ազգային արժույթներով հաշվարկների անցման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Չնայած դրական դինամիկային՝ կան ոլորտներ, մասնավորապես, գազի շուկան, որտեղ ԵԱՏՄ երկրների ապրանքներն ավանդաբար առաջարկվում են Միության անդամ չհանդիսացող երկրների ազգային արժույթով, և, հետևաբար, ազգային արժույթներով փոխգործակցության համար դաշտի առավելագույն ընդլայնումը պետք է լինի մեր առաջնահերթությունների շարքում»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նիստի օրակարգում ներառված էր միասնական ֆինանսական շուկա ստեղծելու հայեցակարգի հարցը, որն ինքնին արդեն լուրջ քայլ է ընդհանուր ֆինանսական տարածքի ձևավորման ուղղությամբ, ինչպես նաև նախադրյալ է ԵԱՏՄ-ի ժամանակակից վճարահաշվարկային համակարգի կառուցման և ազգային արժույթներով հաշվարկների անցնելուն բարենպաստ պայմաններ ստեղծելու համար:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցեցին ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցեցին նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին ներկա գտնվեց՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում էՀայաստանը:

Նիստի ավարտից հետո Սինգապուրի և ԵԱՏՄ-ի միջև կնքվեց ազատ առևտրի համաձայնագիր, իսկ Հայաստանի և Սինգապուրի միջև ծառայությունների, առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր:

Հայերեն العربية English Русский

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին

Վարչապետ Փաշինյանն այցելել է Վեդիի ջրամբար

Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան

Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին

Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը

Արհեստական բանականությունը՝ որպես ազգային նորարարության հիմք. Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին

Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել

Այսօր Հայաստանն ու Ադրբեջանն ապրում են խաղաղության մեջ. Ալիևը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ

ԲՏԱ և ՆԳ նախարարները քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում

Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ