Հասարակական

Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Աննա Դանիբեկյանին հետապնդելու և ճնշումներ գործադրելու մեջ կասկածվող երիտասարդը ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Քննչական կոմիտեն քիչ առաջ վարույթ է ընդունել դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Նաիրա Հարությունյանը:

«Պարզվում են դեպքին մասնակից մյուս անձի կամ անձանց ինքնությունը: 1993 թվականին ծնված Նարեկ Մութաֆյանը ձերբակալված է»,- հայտնել է նա:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանությունից հայտնել էին, որԵրևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 28-ին Նարեկ Մութաֆյանը, նախապես պայմանավորվածություն ձեռք բերելով մի խումբ անձանց հետ մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել խոշոր չափերի 3,769 գրամ հաշիշի յուղ տեսակի թմրամիջոցով լիցքավորված թվով 16 էլեկտրոնային ծխագլանակներ։ 2016-ին նա ձերբակալվել է և 1 տարի 9 ամիս գտնվել կալանքի տակ։ Այնուհետև խափանման միջոցը փոխվել էր գրավի։ 2019-ի օգոստոսին դատարանի վճռով Նարեկ Մութաֆյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարվա ազատազրկման։ Նա շարունակում էր ազատության մեջ մնալ մինչև դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում