Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է կառուցվածքային բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը ԱՄՀ պատվիրակության հետ քննարկել է կառուցվածքային բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի փոխտնօրեն Աթանասիոս Արվանիտիսի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ առիթ է ամփոփելու այցի արդյունքները և պատասխանելու մասնագետներին հուզող հարցերին։

Աթանասիոս Արվանիտիսը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդպիման համար և առաջարկել քննարկել կառուցվածքային բարեփոխումների առաջընթացը։

ԱՄՀ պատվիրակության խնդրանքով, Տիգրան Խաչատրյանy ներկայացրել է Հայաստանի տնտեսությունում գրանցված ցուցանիշները, առաջիկա տնտեսական ցուցանիշների կանխատեսումները։ Նախարարն օպերատիվ տվյալներ է ներկայացրել նաև ԱՄՀ ներկայացուցիչներին հետաքրքրող առանձին ոլորտների վերաբերյալ։ Տեղեկատվություն է ներկայացվել նաև մշակող արդյունաբերության ընթացիկ ցուցանիշների և առաջընթացի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել տնտեսությունում մարդկային կապիտալի, կարողությունների զարգացման, մրցունակության և արտադրողականության վերաբերյալ։ Որպես արտադրողականության բարձրացման խթան երկուստեք կարևորվել է նոր տեխնոլոգիաների ներդրումն ու կարողությունների զարգացումը։

Նախարարը ԱՄՀ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվող ոլորտային ռազմավարական փաստաթղթերը։ Անդրադարձ է եղել զբոսաշրջության ոլորտին՝ որպես ներառական զարգացում ապահովող, նոր փոքր ու միջին ձեռնարկությունների զարգացմանը խթանող ծառայությունների արտահանում։ Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացման հեռանկարները և դրա համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման հնարավորությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում