Արցախ

Արցախի Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

3 րոպեի ընթերցում

Արցախի  Ազգային ժողովում ընդունել են Ավստրալիայի խորհրդարանականներին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է Ավստրալիայի դաշնային և նահանգային խորհրդարանների պատգամավորներ Ջոն Ալեքսանդրին և Հյու Մաք-Դերմոթին, ովքեր Արցախում են Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ և Ավստրալիայում Արցախի մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ նախագահը երախտիքի խոսք է հայտնել հյուրերին՝ Ավստրալիայի և Արցախի կապերի ինստիտուցիոնալացմանն ուղղված գործունեության և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբին՝ հետևողական և արդյունավետ աշխատանքի համար: Աշոտ Ղուլյանը, խոսելով Ավստրալիայի և Արցախի համագործակցության հեռանկարների մասին, անդրադարձել է սեպտեմբերի 24-ին «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի ստեղծմանը: «Սա այն մեծ գործի շարունակությունն է, որ դուք սկսել եք օգոստոսի 1-ին՝ ձևավորելով «Արցախի Ավստրալիացի բարեկամներ» խումբը»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ավստրալիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ալեքսանդրը խոսել է հայ-ավսրալիական վաղեմի բարեկամության մասին հատկապես հայոց ցեղասպանության տարիներին: Խորհրդարանականը կարևորել է ավստրալահայերի դերակատարությունը՝ այն համարելով մարդկային կամուրջ՝ երկու երկրների միջև:

Հյու Մաք-Դերմոթը ևս իր պատրաստակամությունն է հայտնել այսուհետ ևս աջակցելու Արցախին: «Ժողովրդավարական այս երկիրը պետք է ապրի, և աշխարհը պետք է ճանաչի այն»,-նշել է խորհրդարանականը:

Հանդիպման ավարտին ԱԺ նախագահը հյուրերին է հանձնել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Ջոն Ալեքսանդրին շնորհված «Վաչագան Բարեպաշտ» և Հյու Մաք-Դերմոթին շնորհված «Երախտագիտություն» պետական պարգևները:

Հանդիպմանը մասնակցել են նաև Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և ԱԺ պատգամավոր, «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի նախագահ Դավիթ Իշխանյանը:

Ավստրալիայի խորհրդարանականներն այնուհետև հանդիպել են «Արցախ-Ավստրալիա» բարեկամության շրջանակի անդամներին:

Ողջունելով հյուրերին՝ շրջանակի նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը շնորհակալություն է հայտնել այս տարիներին խորհրդարանականների կատարած աշխատանքի համար և հույս հայտնել, որ այսուհետ ևս կքայլեն միասին՝ կիսելով համատեղ հաջողությունները:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է համագործակցության ուղղությունների ամրագրումը և պարբերական շփումների անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում