Հասարակական

Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները

4 րոպեի ընթերցում

 Գլխավոր դատախազը հերքում է Հայկ Հարությունյանի վրա ճնշումների մասին հրապարակումները

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վկաների պաշտպանությունը կարևոր խնդիր է, Հայաստանում այդ ինստիտուտը զարգացնելու անհրաժեշտություն կա: Այս մասին նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին: «Տարիներ շարունակ Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսվել են պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, սակայն կառուցակարգեր նախատեսված չեն եղել: Գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայում առկա է օրենսդրական փաթեթ, հույս ունենք, որ կիրառման արդյունքում կիրացվեն պաշտպանության միջոցները, հստակ կառուցակարգեր կլինեն, նյութական տեխնիկական բազա կապահովվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Դավթյանը:

Գլխավոր դատախազը խնդրին անդրադարձավ ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առնչությամբ. լրագրողները, նշելով, որ նա մարտի 1-ի գործով անցնում էր որպես վկա, կարևորեցին այլ վկաների պաշտպանությունը, մասնավորապես «Շերիֆ» մականվամբ հայտնի Գրիգոր Գրիգորյանի, ով 2008թ. մարտի մեկին եղել է Հարությունյանի տեղակալը: «Համապատասխան հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինները պարտավոր են հետևել, ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցները, որ որևէ անձի նկատմամբ, եթե լինեն ճնշումներ, բացահայտվեն»,-ընդգծեց Դավթյանը:

Նրան հարց ուղղեցին նաև Հարությունյանի մահից հետո լրատվամիջոցների այն հրապարակման առնչությամբ, որ դատախազի կողմից ճնշումներ են եղել Հայկ Հարությունյանի նկատմամբ՝ տալու սուտ ցուցմունք: Դավթյանը հերքեց այդ լուրը. «Ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց հասկացել է, թե ինչ պատվերների մասին է խոսքը: Ինձ ճանաչող ցանկացած մարդ գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը և իրավական, և բարոյական առումով դա թույլ չի տալիս»: Նա պարզաբանեց, որ պատվեր է պնդումը, թե Գլխավոր դատախազը կամ Հատուկ քննչական ծառայության պետը կարող են շփվել վկաների հետ, առավել ևս ճնշումներ գործադրել:

Ինչ վերաբերում է այդ լուրը հրապարակած լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցաքննելու մասին Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, Դավթյանը նշեց, որ իրականացվում է գործընթաց, որի մասին լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն. «Ամեն ինչ կարվի օրենքի շրջանակում»:

2019թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:50-ին, ՀՀ ոստիկանությունում ահազանգ է ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղում գտնվող իր ամառանոցում մահացել է Հայկ Հարությունյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Բջնի գյուղի Ամառանոցային թաղամասում գտնվող, իրեն պատկանող ամառանոցային առանձնատան հյուրասենյակում հայտնաբերել Հայկ Հարությունյանի դիակը՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:

Դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում