Տնտեսություն

Կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

4 րոպեի ընթերցում

Կայացել է առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստը

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առևտրատնտեսական հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստի ժամանակ արձանագրվել է երկկողմ առևտրի ծավալների շարունակական աճ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի բացմանը ողջույնի խոսքով հանդես եկան համանախագահներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ, միջազգային առևտրային բանակցություններին Չինաստանի ներկայացուցչի տեղակալ Յույ Ցզյանխուան:

«Չինական սպառողական շուկան 1 մլրդ-ից ավելին է և հայկական ապրանքների համար պետք է ներկայացվեն որակական և գնային առավելություններ: Մեր հանձնաժողովի աշխատանքներից է՝ վերացնել տեխնիկական խոչընդոտները, ինչից հետո հնարավոր կլինի ազատ ռեժիմով կամ ավելի հեշտացված ճանապարհով ապրանքը ներմուծել չինական շուկա: Լավագույն օրինակներից է մեղրը, ինչի արտահանման վերաբերյալ 2019 թվականի մայիսի 17-ին ստորագրվել է առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր, որի շրջանակում հայկական մեղրն ավելի հեշտ պայմաններով կարող է մտնել չինական մեծ շուկա»,- նշեց Վարոս Սիմոնյանը և հավելեց, որ հաջորդը կարող են լինել այն ապրանքատեսակները, որոնք մեծ պահանջարկ ունեն Չինաստանում:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը դեռ կուսումնասիրի այդ ապրանքատեսակները, և երկկողմ դաշտում կտարվեն համապատասխան աշխատանքներ:

Սիմոնյանը նաև ընդգծեց, որ արդեն իսկ կան որոշ հաջողություններ հայկական գինու դեպի ՉԺՀ արտահանման վերաբերյալ:

«Վերջին մի քանի ամսում 18 անգամ ավելացել է հայկական գինու արտահանումը չինական շուկա: Այս տարվա առաջին 6 ամսում եղել է 22.6 տոկոս առևտրաշրջանառության աճ:

Յույ Ցզյանխուան լրագրողների հետ զրույցում նշեց, որ կան շատ մրցունակ ապրանքներ, որոնցից մի քանիսը չինացի սպառողներին անհայտ են:

«Չինացի սպառողների համար հայկական մեղրը, կոնյակը անհայտ ապրանքներ են: Մենք պատրաստ ենք Հայաստանից ավելի շատ ապրանքներ ներմուծել Չինաստան»,- նշեց ՉԺՀ առևտրի նախարարի տեղակալը:

Նիստի օրակարգում քննարկվել են արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, նորարարության ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հնարավորությունները:

Կողմերը վստահություն հայտնեցին, որ հայկական առևտրի տների բացումը կնպաստի Հայաստանի և Չինաստանի միջև առևտրի ավելացմանը: Համանախագահները նշեցին, որ այս ուղղությամբ արդեն իսկ ձեռնարկվել են առաջին քայլերը. բացվել են «Հայկական ապրանքների ցուցադրման և առևտրի սրահներ» Շանդւն և Չժեցզյան նահանգներում:

Գործարար շրջանակների միջև կապերի ամրապնդման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք նպաստել վերջիններիս մասնակցությանը երկու երկրում կազմակերպվող գործարար համաժողովներին և ցուցահանդեսներին:

Նիստը ընթացքում թեմաների շրջանակում եղել են նաև Հայաստանի և Չինաստանի միջև ուղիղ չվերթների բացման հնարավորությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում