Հասարակական

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

2 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը նշանակման առթիվ շնորհավորել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականին

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով նորանշանակ խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, շնորհավորական հեռագրում մասնավորապես ասված է.

«Ձե՛րդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Միացյալ Նահանգների Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Հաշվի առնելով արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտներում Ձեր ունեցած երկարատև փորձը, ինչպես նաև վերջին աշխատանքային առաքելությունը պետքարտուղարությունում՝ որպես պատանդների հարցերով նախագահի հատուկ բանագնացի՝ կասկած չունեմ, որ Դուք մեծ եռանդով և նվիրվածությամբ կիրականացնեք Ձեր նոր պատասխանատու առաքելությունը։

Հայաստանը Միացյալ Նահանգները դիտարկում է որպես իր ամենավստահելի և հուսալի գործընկերներից մեկը, և կարող եմ վստահեցնել, որ պատրաստ եմ Ձեզ հետ աշխատել համատեղ երկկողմ և բազմակողմ ձևաչափերով` պաշտպանելու մեր ընդհանուր արժեքները, կանխելու մեր ժողովուրդների բարեկեցությանն ու անվտանգությանն ուղղված սպառնալիքները:

Հարգելի՛ գործընկեր, հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով։

Խնդրում եմ ընդունեք իմ բարձր գնահատականի հավաստիացումները»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում