Մշակույթ

Աննա Հակոբյանը «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահն է

2 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի պատվավոր նախագահն է

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի (Impact Humanity Television and Film Festival IHTFF) պատվավոր նախագահն է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile-Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է այս նախաձեռնության մասնակից դառնալը, և ես սիրով կանեմ այն ամենն, ինչ ինձանից կախված է, որպեսզի այն հաջողի։ Ոլորտը դեռ նոր է ինձ համար, և ես մեծ պատասխանատվություն եմ զգում այս կարևոր առաքելության նկատմամբ»,- ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների փառատոնի գրասենյակից, ասել է Աննա Հակոբյանը։

Փառատոնի հիմնադիր նախագահներն են պրոդյուսեր և ռեժիսոր Դեյվիդ Մկքենզին (Associated Television International), ռեժիսոր և հայտնի գործարար Սերգեյ Սարկիսովը (Blitz Films)։ Փառատոնի համանախագահներն են կոմպոզիտոր երգահան և թատերագետ Մարինե Ալեսը, հայտնի հեռուստահաղորդավարներ և պրոդյուսերներ Մոնթել Ուիլյամսը և Դին Քեյնը։

«Բարեփոխելով աշխարհը» կինոյի և հեռուստահաղորդումների անդրանիկ փառատոնը կկայանա Երևանում 2019թ․-ի հոկտեմբերի 15-ին և 16-ին «Մոսկվա» կինոթատրոնում:Այն կանդրադառնա մարդու իրավունքների թեմային նվիրված հեռուստատեսային և կինոնախագծերին, որոնք ուղղված են մարդասիրական սկզբունքների պահպանմանը և զարգացմանը։

Փառատոնը կանցկացվի «Ավրորա» ֆորումի շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 14-21-ը:

«Ավրորա» ֆորումը բացառիկ և հավակնոտ նոր ասպարեզ է, որը ձգտում է աշխարհի հրատապ մարտահրավերները հաղթահարել մարդասիրական ու կրթական լավագույն փորձերի կիրառմամբ՝ խթանելու համար սոցիալական, մշակութային, գիտական ու տեխնոլոգիական զարգացումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում