Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին
2 րոպեի ընթերցում
![Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/09/988352.jpg)
ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել իր հրաժարականն ու հնչեցրած հայտարարությունը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Hraparak.am, Factor.am և Armlur.am լրատվամիջոցների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ հրաժարականի տեքստն անպայման առաջիկայում կմեկնաբանի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
«Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Հրաժարականի մասին ես խոսել եմ իմ ընտանիքի` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ, տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այն շատ մտածված էր և հստակ»,- ասաց Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը նշեց, որ այժմ իր համար կարևորագույն հարցը ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն են:
«Ես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին երկու շատ վճռորոշ խաղեր, որոնցում հաջողության հասնելու դեպքում մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա հայտնվելու Եվրոպայի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է»,- նշեց նա:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին: