Քաղաքականություն

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

2 րոպեի ընթերցում

«Իմ քայլը» խմբակցությունը որոշել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը որոշել է ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Գործընթացի իրավական հարցերին անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը: Նա նշեց, որ գործընթացը ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամկետներին չի առնչվում:

«Խոսքը հետևյալն է, ՍԴ անդամի լիազորությունները դադարեցնելու հիմքերից մեկը կարգապահական խախտումն է: Այս գործընթացը կարող է նախաձեռնել ԱԺ խմբակցությունը՝ դիմելով ԱԺ-ին համապատասխան որոշման նախագծով: ԱԺ-ն, քննելով հարցը, գաղտնի քվեարկությամբ, որոշում է կայացնում դիմել Սահմանադրական դատարանին: Այս հարցում վերջնական որոշումը կայացնում է Սահմանադրական դատարանը»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը: Լրագրողները հետաքրքրվեցին թե ինչ է ենթադրում կարգապահական խախտում ասվածը: Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ մասնավորապես, չեն քննարկվել Վահե Գրիգորյանի դիմումները, դրանց ընդհանրապես անդրադարձ չի եղել:

«Մյուսը Քոչարյանի դատական գործի կողմերից մեկի ներկայացուցչի հետ Հրայր Թովմասյանի սերտ կապի առկայությունն է, որը կարող է կասկածի տակ դնել գործընթացի օբյեկտիվությունը: Խոսքը Արամ Օրբելյանի մասին է, վերջինիս արած հայտարարությունները: Մնացած հիմքերին մանրամասն կծանոթանաք, երբ ամբողջական փաթեթը պատրաստ լինի»,-ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Գործընթացը ենթադրում է համապատասխան դիմումի ներկայացում ԱԺ նախագահին , ով ուղարկում է գլխադասային հանձնաժողով, որտեղ վերջնական քննարկելուց հետո այն ուղարկվում է ԱԺ: Խորհրդարանում քննարկման ժամանակ հրավիրվում է նաև այն անձը ում նկատմամբ գործընթաց է սկսվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում