Հասարակական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը

3 րոպեի ընթերցում

 ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գրպանահատության համար պատիժը խստացնող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է նաև գրպանահատությունը մասնավոր մեղադրանքից հանրային մեղադրանքի տիրույթ տեղափոխելու օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ԱԺ սեպտեմբերի 13-ի նիստում օրենքի նախագիծը ներկայացրել էրՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

«Սա այն նախագիծն է, որն առաջարկում է գրպանահատության համար պատասխանատվությունը նախատեսել Քրեական օրենսգրքի 177 հոդվածում որպես ինքնուրույն մաս, դրանով գրպանահատության դեպքերը մասնավոր մեղադրանքի տիրույթից տեղափոխել դեպի հանրային մեղադրանք: Նախագծով ևս մեկ կարևոր հարց ենք լուծում, «գողություն» հասկացությունը ձևակերպում ենք այնպես, որպեսզի զգալի չափը պարտադիր հատկանիշ չլինի՝ արարքը գողություն որակելու համար»,- ասաց Վարդապետյանը:

Ներկայում Քրեական օրենսգրքում ձևակերպումնայնպիսին է, որ գողությունն ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունն է զգալի չափերով: Փոխնախարարը նշեց, որ արարքը չի կարող որակվել ծանրացնող հանգամանքներում կատարված, օրինակ, բնակարան մուտք գործելով կատարված, եթե արարքում առկա չեն հասարակ հանցակազմի հատկանիշները:

«Եվ պրակտիկայում բազմաթիվ են դեպքերը, երբ անձը մուտք է գործում բնակարան և իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողանում հափշտակել զգալի չափի գումար՝ 30 հազար դրամի հասնող գումար, ապա արարքը չի կարող որակվել որպես ծանրացնող հանգամանքներում կատարված գողություն: Մեր կողմից առաջարկվող նախագիծն այս խնդիրը լուծում է»,-ասաց փոխնախարարը:

Նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր բովանդակությամբ՝ գողություն է համարվում ուրիշի գույքի գաղտնի հափշտակությունը: Առաջարկում են լրացնել նաև՝անձի մոտ գտնվող իրերի գողությունը, ինչպես նաև գողությունը, որը կատարվել է անձի մոտ գտնվող կամ նրա կողմից կրվող հագուստից, այդ թվում գրպանից, պայուսակից կամ անձի մոտ գտնվող այլ առարկայից:

Նախագծի ընդունման պարագայում կբարձրանա գողության տարբեր տարատեսակների դեմ պայքարի արդյունավետությունը, դրանց համար նշանակվող պատիժները կլինեն համարժեք, ինչպես նաև կվերանա ստեղծված անպատժելիության մթնոլորտը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում