Հասարակական

Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել

2 րոպեի ընթերցում

Նորքի զինված խմբի գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ սեպտեմբերի 13-ին վերսկսվել է ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի և մյուսների վերաբերյալ Նորքի զինված խմբի քրեական գործի քննությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դատարանը որոշում կայացրեց գործով ամբաստանյալ Արթուր Վարդանյանին ազատ արձակել:

«Ամբաստանյալ Վարդանյանի շահերի պաշտպաններ Լևոն Բաղդասարյանի և Վալերի Պապիկյանի միջնորդությունը բավարարել: Նրան կալանքից գրավի դիմաց ազատ արձակել և գրավի չափ սահմանել 1 մլն ՀՀ դրամ»,- նշեց դատավորը:

Նորք-Մարաշի զինված խմբի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ավելի քան երեք տասնյակ մարդու: Ըստ մեղադրանքի` Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում