Հասարակական

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 18 մլրդ դրամ և հատկացրել 1.3 մլրդ դրամ

3 րոպեի ընթերցում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հավաքագրել է 18 մլրդ դրամ և հատկացրել 1.3 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2017 թվականի հունվարի 1-ից ի վեր Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է ավելի քան 370 զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ՝ այս մասին ասաց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Մեր գործունեության ավելի քան 2 տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ: Կատարվել է ավելի քան 1.3 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնական մուտքերը մենք ստանում ենք Հայաստանում և Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու կողմից ամսական վճարվող 1000 դրամներից»,- նշեց Ավետիքյանը։

Ավետիքյանն ընդգծեց, որհիմնադրամն ունի հատուցումների երկու հիմնական խումբ՝ զոհվածների ընտանիքներ և մարտական ծառայության ժամանակ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ։

«Երբ օրենքն ընդունվեց, նշվեց, որ հիմնադրամը պետք է հատուցի 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար։ Բայց ժամանակի ընթացքում մենք տեսանք, որ հավաքագրված գումարներով հնարավորություն ունենք փոխհատուցելու 2015 և 2016 թվականներին գրանցված դեպքերի համար։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նման որոշում կայացրեց։ Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ևս մեկ կարևոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել նաև 2008-2014 թվականներին գրանցված դեպքերի մասով: Վերջնական նպատակն է չունենալ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայող, որը հատուցում ստացած չի լինի»,- շեշտեց հիմնադրամի տնօրենը։

Ավետիքյանն ընդգծեց նաև, որ հատուցումները կատարվում են 52-82 միլիոն դրամի սահմաններում։

«52 միլիոն դրամով հատուցվում են շարքայինները, 72 միլիոնով՝ ենթասպաները և 82 միլիոնով՝ սպայական կազմը։ Այս գումարը ստանում են առաջին կարգի հաշմանդամության դեպքում և զոհված զինծառայողների ընտանիքները։ Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողների դեպքում գումարը կիսվում է՝ կազմելով 26-52 միլիոն դրամ՝ կրկին ըստ զինվորական աստիճանի։ Գումարը միանվագ չենք տալիս։ 10 միլիոն միանվագ վճարում ենք առաջին կարգի հաշմանդամներին և զոհվածների ընտանիքներին, դրանից հետո՝ ամսական 200-300 հազար՝ 20 տարի շարունակ։ Իսկ 2-րդ կարգի հաշմանդամներին՝ միանվագ 5 միլիոն դրամ և ամսական՝ 100-200 հազար դրամ՝ 20 տարի շարունակ»,- ասաց Ավետիքյանը:

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը գործում է 2017 թվականի հունվարի 1-ից Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված և վիրավորում ստացած հերոսների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում