Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք. Վալերի Բուայեն՝ Արցախի խորհրդարանում

4 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի մեծ դահլիճում սեպտեմբերի 11-ին տեղի է ունեցել հանդիպում Ֆրանսիայի խորհրդարանականների հետ, որին մասնակցել են «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամներ, Արցախի ԱԺ պատգամավորներ, նախարարներ և պետական կառույցների ներկայացուցիչներ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, բացելով հանդիպումը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի նախագահ Աշոտ Ղուլյանը բարձր է գնահատել Ֆրանսիայում Արցախի բարեկամների կատարած աշխատանքը՝ Արցախի մասին տեղեկատվություն տարածելու և Արցախի ժողովրդի իրավունքների մասին բարձրաձայնելու ուղղությամբ:

«Վստահությամբ կարող եմ ասել, որ Արցախի խորհրդարանի արտաքին կապերի մեջ ֆրանսիական ուղղությունն ամենաակտիվն է, իսկ բարեկամության շրջանակը՝ ամենակայացած ինստիտուցիոնալ կառույցը: Եվ մենք ունենք բոլոր նախադրյալները համատեղ օրակարգն առաջ մղելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու՝ երկուստեք ներգրավվելով քաղաքական ու հասարակական լայն խմբեր»,- ընդգծել է խորհրդարանի նախագահը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Գի Տեսիեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բացել Արցախի և Ֆրանսիայի բնակավայրերի միջև բարեկամության ցուցանակը հայրենիքի ազատության նվիրյալների՝ ազատամարտիկների պուրակում: Ընդգծելով Ֆրանսիայի և Արցախի՝ համամարդկային և ժողովրդավարական արժեքներ կիսելու նմանությունը՝ իր ելույթում «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահը խոսել է Արցախը արտերկրում ճանաչելի դարձնելու եղանակների մասին և նշել, որ իրենց հնարավորությունների շրջանակում անելու են ամեն ինչ այդ նպատակաին հասնելու համար:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի հիմնադիր-անդամ Վալերի Բուայեն, խոսելով պատվիրակության այցի մասին, նշել է, որ ամենուր տարածելու են Արցախում իրենց աչքով տեսածը: «Մենք պետք է պատմենք հակամարտության մասին, որ մոռացվում է աշխարհի կողմից: Դուք պայքարի, դիմադրության, ժողովրդավարության օրինակ եք երկրագնդի այս բարդ հատվածում »,-ընդգծել է խորհրդարանականը:

Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Դանիել Կազարյանը ևս իր ելույթում մատնանշել է Արցախի որդեգրած ժողովրդավարական ուղղու մասին: Նա մասնավորապես ասել է. «Շնորհավորում եմ այն ժողովրդավարական կենսունակության համար, որ առկա է այս երկրում: Դա վկայում է կայուն ապագա ստեղծելու ձեր նպատակադրության մասին»:

Ֆրանսիացի մյուս խորհրդարանականների ելույթներում հնչել են նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանությանը, Արցախի և Ֆրանսիայի միջև մարդասիրական ուղղություններում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ:

Առավոտյան պատվիրակությունն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, հարգանքի տուրք մատուցել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, հայ ժողովրդի բարեկամ Անրի Սաբիի հիշատակին: Պատվիրակությունն այնուհետև ծաղիկներ է խոնարհել Արցախի ազատագրման համար նահատակված զինվորների շիրմաքարերին:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ