Տնտեսություն

Գետաշեն համայնքում սիբիրախտով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան

4 րոպեի ընթերցում

Գետաշեն համայնքում սիբիրախտով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում սիբիրախտով հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, հաշվի առնելով վերջին շրջանում հանրապետությունում կենդանիների սիբիրախտ հիվանդության արձանագրման դեպքերը տեղում ծանոթանալու և առկա իրավիճակը վերլուծելու նպատակով, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը և նույն նախարարության Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը սեպտեմբերի 2-ին աշխատանքային այց են իրականացրել ՀՀ Արմավիրի մարզի Գետաշեն համայնք:

Համայնքում կայացել է հանդիպում ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մարզային տեսուչի, Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի տնօրենի, համաճարակաբանի, համայնքը սպասարկող անասնաբույժի և համայնքի ղեկավարի մասնակցությամբ:

Համաձայն գործող իրավական ընթացակարգերի՝ արձանագրված դեպքի առնչությամբ համայնքը սպասարկող անասնաբույժի, համաճարակաբանի և մարզային տեսուչի արագ արձագանքման արդյունքում և համայնքի ղեկավարի աջակցությամբ անհապաղ միջոցներ են ձեռնարկվել հիվանդությունն ախտորոշելու և համաճարակային օջախը վնասազերծելու, սիբիրախտի հարուցիչով ախտահարված մթերքների ոչնչացումը պատշաճ իրականացնելու, ինչպես նաև շենքերը, սարքավորումները և վարակված տարածքներն ախտահանելու ուղղությամբ:

«Միաժամանակ արձանագրված դեպքի հանգամանքների պարզաբանման նպատակով փաստաթղթերի ուսումնասիրությունից, ինչպես նաև քաղաքացիների հետ կայացած հանդիպումներից պարզվել է, որ Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի կողմից համակարգվող՝ «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» պետական պատվերի ծրագրի շրջանակում կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումներն իրականացվել են պատշաճ և համաձայն պլան-ժամանակացույցի, որին իր աջակցությունն է ցուցաբերել համայնքի ղեկավարը:

Ներկայումս համայնքում հիվանդ կամ հիվանդության մեջ կասկածվող կենդանիներ չկան, և համայնքը գտնվում է մարզային անասնաբուժական ծառայության, ինչպես նաև «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի մարզային մասնաճյուղի աշխատակազմի խիստ հսկողության ներքո»,-հայտնել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի մամուլի Աննա Օհանյանը:

Հանրապետությունում համապետական մորթի անցման դեպքում առկա խնդիրների բացահայտման և սպանդանոցների կարողությունների գնահատման նպատակով աշխատանքային այց է իրականացվել նաև ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում գործող «Արսեն Հակոբյան» ԱՁ-ի սպանդանոց: Համատեղ քննարկման արդյունքում վեր հանված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են առաջարկություններ:

Կարևորելով կայուն անասնահամաճարակային իրավիճակի պահպանումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պահպանել «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները և հիվանդ, հիվանդության մեջ կասկածվող կամ կլինիկական նշաններ ունեցող կենդանիներ հայտանբերելիս անհապաղ ծանուցել համայնքը սպասարկող անասնաբույժին կամ մարզային անասնաբուժական ծառայությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում