ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն ազատվել է աշխատանքից կենտրոնի վերաբերյալ բողոքների, ինչպես նաև Տանանյանի՝ օտարերկրյա ներդրումներին խոչընդոտելու հիման վրա:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Կայացված որոշումն իրավաչափ է և տեղին: Մենք կունենանք այդ կենտրոնի զարգացում շատ ավելի արագ տեմպերով, քան մինչ այս պահն է եղել: Այս տարի մեր կողմից ավելացել է կենտրոնի ֆինանսավորումը, կազմակերպչական մի շարք այլ հարցեր նույնպես կբարելավվեն»,- նշեց Թորոսյանը և հավելեց, որ ՈւԱԿ-ը Հայաստանում ուռուցքաբանության ոլորտում եղել է և կմնա ստրատեգիական կենտրոն:
Անդրադառնալով կենտրոնում այլ կադրային փոփոխություններին՝ նախարարը նշեց, որ դրանք կլինեն ընթացիկ, և կադրային ջարդ չի լինի: Թորոսյանի խոսքով՝ ՈւԱԿ-ը համալրվելու է նոր ու բանիմաց մասնագետներով:
«Փոխտնօրենը հեռացել է աշխատանքից, քանի որ արդեն մոտ 1.5 ամիս է, ինչ աշխատանքի այլ առաջարկ է ունեցել»,- նշեց ՀՀ առողջապահության նախարարը:
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանը սեպտեմբերի 2-ինառողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Արմեն Տանանյանը Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենն էր 2014թվականից:
Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Նարեկ Մանուկյանը: