Հասարակական

Հայ վետերանները պարգևատրվել են Բելառուսի ազատագրման համար հոբելյանական մեդալներով

2 րոպեի ընթերցում

Հայ վետերանները պարգևատրվել են Բելառուսի ազատագրման համար հոբելյանական մեդալներով

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով հայ վետերանները պարգևատրվել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման 75-ամյակի հոբելյանական մեդալներով:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանում Բելառուսի դեսպանությունից:

Հուլիսի 11-ին «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել հանդիսավոր արարողություն, որի ընթացքում Հայաստանում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը մեդալները հանձնել է Երևանում ապրող վետերաններին:

Իր ելույթում Իգոր Նազարուկն ընդգծել է Բելառուսի ժողովրդի և Եվրոպայի երկրների հաղթանակի կարևորությունը գերմանա-ֆաշիստական զավթիչների նկատմամբ, ինչպես նաև այն զգալի աշխատանքը, որն իրականացվում է մեր երկրում` Մեծ հայրենականի տարիներին խորհրդային զինվորի գործած սխրանքի հիշողությունը պահպանելու ուղղությամբ:

Վետերաններին, ովքեր չէին կարողացել գալ միջոցառման իրականացման վայր, մեդալները հանձնվել են նույն օրը` նրանց բնակության վայրերում:

Հուլիսի 24-ին պարգևատրվել են Աբովյանում, Մարտունիում և Գավառում բնակվող վետերանները, հուլիսի 26-ին` Աշտարակում, Եղվարդում և Դիլիջանում, հուլիսի 30-ին` Ապարանում, Սպիտակում, Վանաձորում, օգոստոսի 6-ին` Եղեգնաձորում, իսկ 21-ին` Աբովյանի և Տավուշի տարածաշրջաններում բնակվող վետերանները:

Ընդհանուր առմամբ` Հայրենական մեծ պատերազմի տարիներին Բելառուսի ազատագրման համար մեդալով պարգևատրվել է ՀՀ քաղաքացի 84 վետերան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում