Տիգրան Խաչատրյանը մշակվող արդյունաբերությունում միտումները հուսադրող է համարում
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա հուլիս ամսվա կտրվածքով արձանագրվել է արտահանման 19,5 տոկոս աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Մինչև հունիսը, եթե հիշում եք, ունեինք արտահանման ծավալի զիջում՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Հիմա ունենք 3 տոկոսով ավել արտահանում, քան նախորդ տարի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա՝ նշելով, թե չի կարող առայժմ ասել՝ կոնկրետ որ ոլորտներում է աճ արձանագրվում:
Միևնույն ժամանակ նախարարը նշեց, որ ՊԵԿ տվյալները հուշում են, որ շարունակվում է աճը կոնյակի, ծխախոտի, շոկոլադի արտադրության ոլորտներում:
«Մշակվող արդյունաբերությունում միտումները հուսադրող են»,- նշեց նա:
Խոսելով երկնիշ տնտեսական աճի հնարավորության մասին՝ Տիգրան Խաչատրյանն ասաց, որ վերջին 3 տարիներին չեն զարմանում, երբ տեսնում են 6-7 տոկոսանոց տնտեսական աճ. «Պետք է հիշենք, որ ամեն ինչ կախված է տնտեսության մեջ ներդրումների ծավալի աճից: Կառավարության ներկա ռազմավարական անելիքների շրջանակը, շեշտը լինելու է արտադրողականության բարձրացման ծրագրային աջակցում»,- ասաց նախարարը:
Խաչատրյանը նշեց, որ կդժվարանա հիմա ասել, թե վերջին մեկ տարում որքան աշխատատեղ է բացվել:
Ինչ վերաբերում է ներդրումներին, նա նշեց. «Մակրոտեսանկյունից մենք գնվում ենք այն վիճակում, որը մեզ չի բավարարում: Մենք նախորդ տարվա արդյունքներով ունեցել ենք մոտ 17 տոկոս ներդրում հիմնական միջոցներում: Սա կայուն աճի համար բավարար մակարդակ չէ, պետք է ձգտել ցուցանիշը հասցնել 23 տոկոսի: Արտոնությունները, որ տրվում են, գործիքները, որոնք կիրառվում են արտադրողականության բարձրացման ուղղությամբ, հենց այդ նպատակին են ծառայում: Մենք պետք է աջակցենք, որ լավատեսորեն վերաբերվեն վաղվա օրվան, կատարեն ներդրումներ, արդարանան հույսերը»: