Բադասյանը ներկայացրեց ստեղծվելիք հակակոռուպցիոն հանձնաժողովի և կոմիտեի գործառույթները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով ստեղծվելիք հակակոռուպցիոն անկախ հանձնաժողի և հակակոռուպցիոն կոմիտեի գործառույթները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 26-ին աշխատանքային քննարկման ժամանակ Բադասյանը նշեց, որ նախատեսվում է ունենալ հակակոռուպցիոն անկախ մարմին, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելմամբ, ինչպես նաև կոմիտե, որը բացահայտելու է և քննելու կոռուպցիոն հանցագործությունները:

Նախարարը նշեց, որ մյուս բաղադրիչներն են լինելու Գլխավոր դատախազության կազմում համապատասխան ստորաբաժանման ավելացումը, որը զբաղվելու է այդ քննության նկատմամբ օրինականության հսկողությամբ, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը:

Ըստ Բադասյանի` հակակոռուպցիոն անկախ մարմինը նախականխող նշանակություն կունենա: «Հուսանք, որ սեպտեմբեր-հոկտեմբերին արդեն կունենանք նշանակված անդամներ, և այդ մարմինը կսկսի գործել: Մենք զբաղվում ենք լիազորությունների շարքի ընդլայնմամբ: Այն օրենքը, որն արդեն շրջանառության մեջ է դրված, նախատեսում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի որոշակի լիազորությունների ընդլայնում: Դա հնարավորություն կտա այդ հանձնաժողովին հայտարարագրերն ավելի արդյունավետ վերլուծելու: Հաջորդ քայլը, կրթական ոլորտում հանձնաժողովի լիազորությունների ընդլայնումն է»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով` հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ամբողջությամբ վերանայվելու են իրավապահ համակարգում գոյություն ունեցող քննչական և օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների շարքը, կազմը և նրանց լիազորությունների ծավալը:

«Մասնավորապես` Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ Քրեական օրենսգրքում սահմանելու ենք այն բոլոր հանցագործությունների ցանկը, որոնք կոռուպցիոն բնույթ ունեն:Այդ առումով ուշադրություն ենք դարձնելու տվյալ ստորաբաժանումների կողմից մասնագիտական հնարավորությունների բարձրացմանը: Առանձին ուշադրություն ենք դարձնելու ֆինանսական հետաքննությունների իրականացմանը և միջազգային համագործակցությանը, այդ բնագավառում քննիչների և օպերատիվ հետախուզության գործունեություն իրականացնող ստորաբաժանումների, աշխատակիցների մասնագիտական որակների բարձրացմանը»,- ընդգծեց Բադասյանը:

Նախարարը հավաստիացրեց, որ չի լինելու մեխանիկական տեղափոխում. եթե Հատուկ քննչական ծառայության որոշակի ստորաբաժանումն այսօր զբաղվում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ, չի նշանակում, որ հաստիքները, մի տեղից կրճատելով և մյուս տեղը ավելացնելով, ուղղակի մեխանիկական փոփոխություններ են արվելու:

«Նախատեսում ենք ստուգել հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակցի բարեվարքությունը՝ կոմիտե մուտք գործելուց առաջ, որովհետև էական է այս բարեփոխումը` և հասարակության կողմից ընկալման և կոռուպցիայի դեմ պայքարի որակի բարձրացման, ինչպես նաև նոր սերնդի մասնագետների պատրաստման առումով»,- ասաց Բադասյանը:

Նախարարի խոսքով` նույնը վերաբերվում է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությանը և Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանմանը:

Ինստիտուցիոնալ համակարգի վերջին տարրը լինելու է հակակոռուպցիոն դատարանների ստեղծումը, որոնք զբաղվելու են կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ: «Նախատեսում ենք, որ մինչ դատական վարույթից սկսած մինչև դատական ակտերի կայացման գործառույթները վերապահվելու է այս մասնագիտացված դատարաններին: Այդ դատարանը նաև կարող է ունենալ քաղաքացիաիրավական մասնագիտացում և քննել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերը»,- եզրափակեց Բադասյանը:

Հայերեն العربية English Français Русский

Եվրամիության օգնությամբ հայկական ծաղիկները կարտահանվեն Լատվիա. քննարկումներ կան նաև Նիդեռլանդների հետ

Եվրոպական երկրները պահանջել են ռուսաստանցիների համար խստացնել մուտքը Շենգենյան գոտի

Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg

Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում

ԵՄ-ն ավելի քան 50 միլիոն եվրոյի աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ ռուսական սահմանափակումների ֆոնին

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է