Աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է. Փաշինյան

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարած գրառման մեջ:

«Բոլորդ գիտեք, թե յուրաքանչյուր հայի համար որքան կարեւոր են Օջախ եւ ընտանիք հասկացությունները: Դրանք հասկացություններ են, որոնք ձեւակերպում են մեզնից յուրաքանչյուրի ինքնությունը, արժանապատվությունն ու ծագումը:

Բայց ցավոք, երկար տարիներ մի իրականություն է ձեւավորվել, երբ ընտանիք պահելու, օջախ ունենալու արժեքներով մեզանում հաճախ լեգիտիմացվել են բազմաթիվ արատավոր երեւույթներ:

Երբեմն կաշառակերությունը, կոռուպցիան, հովանավորչությունն ու անարդարությունները, ապօրինի գործունեությանզանազան տեսակներ բացատրվել, լեգիտիմացվել են ընտանիք պահելու, հացի փող աշխատելու, օջախին նյութական միջոցներ մատակարարելու հասկանալի անհրաժեշտությամբ:

Օջախ ու ընտանիք հասկացությունները վերապրել են անգամ քաղաքական մուտացիաներ, զարգանալով կլանային եւ թայֆայական կառուցակարգերի տրամաբանությամբ:

Արդյունքում ստացել ենք մի իրողություն, երբ կոռուպցիոն համակարգերի կողմից ընտանիքի շահը հակադրության մեջ է դրվել հանրության շահի հետ, երբ օջախը վերածվել է բարձր պարիսպներով հայրենիքից տարանջատված եւ հայրենիքի դեմ գործող տարածքի:

Ես համոզված եմ, որ Նոր Հայաստանում ընտանիք եւ օջախ հասկացությունները պետք է նոր հարաբերություններ ունենան հայրենիքի հետ, հանրության ու պետականության հետ, որտեղ ընտանիքի շահը չպետք է հակադրվի հանրության շահին, որտեղ օջախի շահը չպետք է հակադրվի հայրենիքի շահին, որտեղ օջախն ու ընտանիքը պետք է ոչ թե պարիսպներով ու դարպասներով պարփակված փոքր տարածություններ լինեն, այլ պետական սահմաններով պարփակված պետականություն, սահմանադրությամբ ու օրենքներով հարաբերվող ժողովուրդ:

Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է:

Սա պիտի լինի մեզնից յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ մեզանից յուրաքանչյուրի ընտանիքի շահը ներդաշնակ է հանրության շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի օջախի շահը ներդաշնակ է հայրենիքի շահի հետ, որտեղ մեզնից յուրաքանչյուրի անհատական արժանապատվությունն ու ազատությունը ներդաշնակ է հանրության արժանապատվության եւ հայրենիքի ազատության գաղափարների հետ:

Սա է Նոր Հայաստանի արժեքային վերափոխման կարեւորագույն օրակարգերից մեկը, եւ հենց ընկալման այսպիսի փոփոխությունն էր, որ 2018 թվականի գարնանը հանգեցրեց համահայկական հեղափոխության, երբ մարդիկ իրար ընկալում էին որպես հարազատ, երբ ժողովուրդը իրեն ընկալում էր որպես մի մեծ, երջանիկ, համերաշխ ընտանիք:

Այս է պատճառը, որ մեզնից յուրաքանչյուրը, աշխարհի յուրաքանչյուր հայ վստահորեն կարող է ասել՝ Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է: Ու այսպիսի միասնությամբ տոգորված հայ ժողովուրդն անընկճելի ու անպարտելի է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է Փաշինյանը:

Հայերեն العربية English Français Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին