Քաղաքականություն

ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ-ի ուշադրությունը հրավիրվել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ի և ՀՀ-ի բնակչության թիրախավորմանը

ԵՐԵՎԱՆ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում օգոստոսի 2-ին կայացել է «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով հանդիպումը, որին ելույթ է ունեցել ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչի նախագահությամբ ԱԽ նիստին մասնակցել է շուրջ 80 անդամ երկրների պատվիրակություն: Երեխաների և զինված հակամարտությունների հարցերով ՄԱԿ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Վիրջինիա Գամբան և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը հանդես են եկել հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության արդի խնդիրների վերաբերյալ զեկույցներով։

Իր ելույթում Մհեր Մարգարյանն ընդգծել է Հայաստանի համար երեխաների իրավունքների պաշտպանության առաջնայնությունը՝ ներկայացնելով ՀՀ ձեռնարկած քայլերը սահմանամերձ բնակավայրերում տեղակայված հանրակրթական հաստատությունների անվտանգության ապահովման ուղղությամբ, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ ապահով կացարանների ստեղծումը։

Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի սահմանակից շրջանների քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կանխամտածված թիրախավորմանը, ինչը հանգեցրել է խաղաղ բնակչության և երեխաների շրջանում զոհերի և վիրավորների։ Նա ընդգծել է, որ հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծումը հնարավորություն կտար քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ երեխաներին սպառնացող վտանգների նվազեցմանը, և դրա ներդնումից հրաժարվելը որևէ արդարացում չունի։

ՀՀ մշտական ներկայացուցիչը կարևորել է նաև հումանիտար կազմակերպությունների ազատ և անխափան մուտքը հակամարտությունների գոտիներ, ինչը կենսական նշանակություն ունի երեխաների պաշտպանությունն ապահովելու համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում