ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում, արձակուրդի վերջին օրը փոխանցել է Հայաստանում կատարած ճամփորդություններից ստացած տպավորությունները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ, օտարերկրյա զբոսաշրջիկները կարող են ժամանակ անցկացնել Հայաստանում, և թերևս սա է պատճառը, որ «այս տարի զբոսաշրջիկների մեծ թիվ ունենք»։
ՀՀ վարչապետի դիտարկմամբ՝ սակայն, Սևանի ափին որոշ վայրեր կան, որտեղ «ձեռնարկատիրություն իրականացվում է դեռևս 1993-94-95 թվականների ձևերով և միջավայրում», և անհրաժեշտ է աջակցություն, որ այստեղ էլ «ձեռնարկատիրությունը մոտ լինի ժամանակակից չափանիշներին»։
Հուլիսի 16-ի գրառմամբ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում Հայաստան է ժամանել 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի, քան 2018 թվականի առաջին 6 ամսում:
«Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից, վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:
Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը»,- գրել էր վարչապետը: