Հասարակական

Մեր դիրքը ադրբեջանցիների նկատմամբ բարձր է, և ունենք առավելություն. լրագրողներն այցելել են առաջնագիծ

2 րոպեի ընթերցում

Մեր դիրքը ադրբեջանցիների նկատմամբ բարձր է, և ունենք առավելություն. լրագրողներն այցելել են առաջնագիծ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածը բարձրադիր գոտում է, մոտ 3000 մետր բարձրության վրա, ինչն էլ առավելություն է ստեղծում հակառակորդի նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը լրագրողների համար այց էր կազմակերպել առաջնագիծ և այդ ուղղությամբ տեղակայված զորամաս։

Մենք առաջնագիծ հասանք զինվորական մեքենաներով և սկզբի մի քանի րոպեն հնարավորություն ունեցանք տեսնել ադրբեջանական որոշ գյուղեր, ինչպես նաև մի փոքր ավելի հեռվում նշմարվող Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հայկական Արծվաշենը։

Մի փոքր անց մառախուղն ամբողջությամբ ծածկել էր ադրբեջանական գյուղերը, նրանց ճանապարհներն ու հենակետերը։

Առաջնագծում զրուցեցինք 2-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Սերյոժա Ստեփանյանի հետ, ով նշեց, որ մենք գտնվում ենք 2800-3000 մ բարձրության վրա և այստեղ առավելություն ունենք ադրբեջանցիների նկատմամբ։

«Այս դիրքում համեմատաբար ավելի անվտանգ է, քանի որ մենք ավելի բարձր ենք: Հակառակորդի ամենամոտ դիրքը մոտ 1100 մ հեռավորության վրա է։ Տվյալ պահին մարտական հենակետերում մարտավարական առումով իրադրությունը հանդարտ է, սակայն հակառակորդի կողմից կրակոցներ պարբերաբար լինում են, հատկապես, վատ տեսանելի եղանակներին։ Մեր կարծիքով՝ նրանք այդպիսով ուղղակի զգուշանում են»,- ասաց Ստեփանյանը և հավելեց, որ նպատակային կրակոցներ նույնպես լինում են, որոնք զեկուցվում են վերադաս հրամանատարությանը, ինչից հետո ստանում են համարժեք պատասխան։

Նրա խոսքով՝ ամռանը հակառակորդի կողմից կրակոցներ չեն լինում, ինչը պայմանավորված է անասնապահության և խոտհարքի սեզոնով։

Անդրադառնալով հարցին, թե ինչ քայլեր կձեռնարկի հայկական կողմը, եթե ադրբեջանցիները որոշեն առաջ տալ իրենց դիրքերը՝ Ստեփանյանը շեշտեց, որ իրենք ունեն հատուկ հանձնարարություն և նմանատիպ դեպքի ժամանակ կիրականացնեն կանխարգելիչ միջոցառումներ։

Լիլիթ Դեմուրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում