Հասարակական

Ինժեներական աշխատանք, շախմատ. առաջնագծում զինվորներն ազատ ժամանակը զուր չեն վատնում

2 րոպեի ընթերցում

 Ինժեներական աշխատանք, շախմատ. առաջնագծում զինվորներն ազատ ժամանակը զուր չեն վատնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում տեղակայված դիրքերից մեկում զինվորները մարտական հերթապահություն իրականացնելիս՝ իրենց ազատ ժամանակը զուր չեն վատնում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջնագծում նրանք կատարում են ինժեներական աշխատանք, որպեսզի ավելի ամրացնեն խրամատները, շաշկի ու շախմատ են խաղում, հետևում են դիրքի փոքրիկ շանը՝ ոտքն ականի վրա կորցրած Չալոյին, ինչպես նաև խաղաղության թռչուն՝ աղավնի են պահում։

Հենակետի հրամանատար, ավագ լեյտենանտ Ասատրյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չնայած այն հանգամանքին, որ իրենց դիրքը հակառակորդի նկատմամբ առավելություն ունի, իրենք միևնույնն է զգոնությունը չեն կորցնում, սակայն ազատ ժամանակն էլ կարողանում են ճիշտ կառավարել։

«Մեր դիրքը մոտ 2800 մ բարձրության վրա է, սակայն երբեք չենք կորցնում մեր զգոնությունը, քանի որ նրանք (ադրբեջանական կողմը-խմբ.) ժամանակ առ ժամանակ կրակում են, բայց հարկ եղած դեպքում ստանում են նաև արժանի հակահարված։ Այս պահին սահմանում հանգիստ է»,- ասաց հենակետի հրամանատարը և շեշտեց, որ դիրքում ծառայում են միայն պայմանագրայիններ։

Անդրադառնալով դիրքում ունեցած իրենց հանգստի ժամին՝ ավագ լեյտենանտն ընդգծեց, որ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, շաշկի ու շախմատ են խաղում ։

Շարքային Զոհրաբ Սենեքելմյանն, ով արդեն 6 ամիս է, ինչ պայմանագրային զինծառայող է, մասնագիտությամբ նաև մեղվաբույծ է։

«Այս դիրքը մեր գյուղի անմիջապես վերևում է, և հենց դա ինձ ստիպեց դառնալ զինվորական և պաշտպանել հայրենիքս»,- ասաց Սենեքելմյանը։

Մարտական հերթապահությունից հետո էլ իրենց գյուղում Զոհրաբը մեղվաբուծությամբ է զբաղվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում