Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC 2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր։

ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակն ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է: Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։

Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը: Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում և, առհասարակ, արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։

Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։

Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման, գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում