Հասարակական

Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը

2 րոպեի ընթերցում

Երևանում կայացավ առաջին ուսուցչական-կրթական կոնֆերանսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պարադիգմա» կրթական հիմնադրամի միջոցով Հայաստանը 2019 թվականին առաջին անգամ միացավ աշխարհի 43 երկրում գործող ուսուցիչների մասնագիտական զարգացմանն ուղղված Edcamp (Էդքեմփ) նորարար կոնֆերանսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առաջին Էդքեմփ Հայաստանն արդեն գրանցել 400 մասնակից Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից և սփյուռքից:

Էդքեմփը նախատեսված է գործող և ապագա ուսուցիչների, դպրոցական հոգեբանների, լոգոպեդների, ուսուցչի օգնականների, դպրոցների ղեկավարության համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը կարևորեց համաժողովը, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:

«Այս հարթակը շատ կարևոր է վերապատրաստումներ իրականացնելու առումով և կարծում եմ, որ Էդքեմփը կարող է գործընկեր դառնալ նախարարությանը: Այն բարեփոխումները, որոնք սկսել ենք իրականացնել կրթության ոլորտում՝ բավականին ծավալուն են»,- նշեց նախարարը և հավելեց, որ ուսուցիչների մեծ թվով ներկայությունը խոսում է ծրագրի կարևոր և հետաքրքիր լինելու մասին:

«Պարադիգմա» կրթական հիմնադրամի համահիմնադիր Նարեկ Մանուկյանը նշեց, որ նմանատիպ ուսուցչական-կրթական կոնֆերանս Հայաստանում իրականացվում է առաջին անգամ:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը շեշտեց, որ յուրաքանչյուր երեխա պետք է ստանա որակյալ կրթություն՝ զարգացնելով իր բոլոր տաղանդները:

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր երեխաները լինեն մեր պայծառ ապագայի հիմքը: Այն ինչ անում ենք այսօր՝ ապագայում մեծ փոփոխությունների է հանգեցնելու»,- ասաց Ռադոչայը:

Էդքեմփ Հայաստանն իրականություն է դարձել Հայաստանում ԱՄՆ դեսպանության, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի, ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի և այն ընկերությունների աջակցությամբ, ինչպես նաև Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի և Հայաստանում ԱՄՆ առևտրային պալատի տեղեկատվական համագործակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում