Մշակույթ

«Հիշողության պատկերներ» սեմինարը Հայաստան էր բերել տարբեր բնագավառների մասնագետների 11 երկրից

4 րոպեի ընթերցում

«Հիշողության պատկերներ» սեմինարը Հայաստան էր բերել տարբեր բնագավառների մասնագետների 11 երկրից

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հիշողության պատկերներ. ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» խորագրով սեմինարի շրջանակում, որն անցկացվել է հունիսի 17-21-ը Երևանում, Հայաստանը հյուրընկալել էր 11 երկրից ժամանած մասնագետների` վերականգնողների, ֆոնդապահների, թանգարանների, արխիվների, գրադարանների աշխատակիցների, տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների:

Մասնակիցների համար սեմինարը փորձի փոխանակման, նոր հմտությունների և կարողությունների ձեռքբերման ու կիրառման հրաշալի հարթակ է հանդիսացել: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդական Սվետլանա Սահակյանը:

«Սեմինարն անցկացվում է 2011 թվականից, սակայն դրա նշանակալիությունը մեծացել է 2014 թվականից, երբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի

գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանը» ԱՊՀ դաշտի համար դարձավ բազային կազմակերպություն ձեռագիր ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում»,-պատմեց Սահակյանը:

Նա ընդգծեց, որ այս տարի սեմինարի մասնակիցների թվում էին այնպիսի հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝ Պետական Էրմիտաժը, Ռուսաստանի, Լատվիայի, Ղազախստանի ազգային, պետական գրադարանները, Վրաստանի ձեռագրերի պետական ինստիտուտը: Սահակյանը հավելեց, որ եղել են ներկայացուցիչներ Վրաստանի ազգային արխիվից, Լատվիայի, Էստոնիայի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի թանգարաններից և արխիվներից:

Հայաստանի ազգային արխիվի տնօրենի խորհրդականը կարևորեց նաև այն, որ ինը տարվա ընթացքում սեմինարին մասնակցել են ոչ միայն ԱՊՀ անդամ երկրները, այլև մասնագետներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, եվրոպական մի շարք այլ երկրներից:

«Ինչպես արդեն նշվեց, սեմինարը փորձի փոխանակման լավագույն հարթակներից է, և այն անցկացվել է երկու բաժնով: Առաջին բաժինը նախատեսված էր վերականգնողների համար, իսկ երկրորդ բաժնում ընդգրկվել են ֆոնդապահները և բարձր տեխնոլոգիաների մասնագետները, որոնք առնչություն ունեն ձեռագիր ժառանգության պահպանման ոլորտի հետ:

Սեմինարի շրջանակում անցկացված վարպետության դասերի ընթացքում վերականգնողները փորձում էին ներկայացնել իրենց ձեռքբերումները, նորարական մեթոդները, մոտեցումները, որոնք կիրառել են գրավոր հարստության պահպանման և վերականգնման համար»,-նշեց Սահակյանը:

Սեմինարի հիմնական միջոցառումները կազմակերպվել են Հայաստանի ազգային գրադարանում, բայց հունիսի 21-ին ֆոնդապահների բաժնի աշխատանքը անցկացվել է Հայաստանի ազգային արխիվում: Մասնակիցները ծանոթացել են արխիվի գործունեությանը, այցելել են պահոցներ, վերականգնողական լաբորատորիա և թվայնացման բաժին:

Նույն օրը Հայաստանի ազգային և Ղազախստանի կենտրոնական պետական արխիվների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

«Հիշողության պատկերներ» միջազգային սեմինարը իր առաջ խնդիր է դնում բարձրացնել վերականգնողների, թանգարանների, գրադարանների, արխիվների աշխատակիցների, ֆոնդապահների որակավորումը` նրանց հնարավորություն տալով հետագայում կիրառել և անհրաժեշտության դեպքում այլոց փոխանցել սեփական գիտելիքները:

Սեմինարն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի, Հայաստանի ազգային արխիվի և Հայաստանի ազգային պատկերասրահի աջակցությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում