ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այս օրերին Իրաքի Հանրապետությունում է։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին պատգամավորի գրասենյակից, իրաքյան կողմի նախաձեռնությամբ Ռուստամ Բաքոյանը հանդիպում է ունեցել Իրաքի խորհրդարանի նախագահ Մոհհամմադ ալ Հալբուսիի հետ։
Հանդիպմանը ներկա են եղել նաև Իրաքի խորհրդարանի ազգությամբ եզդի պատգամավորներ Սաիբ Խըդըրը, Հոսեյն Հասան Նարմոն, Խալիդա Խալիլը և Իրաքի եզդի համայնքի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը քննարկվել են հայ-իրաքյան խորհրդարանական կապերի ընդլայնման և միջխորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացման վերաբերյալ հարցեր: Անդրադարձ է կատարվել Սինջարի վերակառուցման աշխատանքերի ընթացքին, ինչպես նաև՝ տեղահանվածների վերադարձի հնարավորություններին, Սինջարում կայունության պահպանման հրաժեշտությանը վերաբերող մի շարք հարցերի:
Խորհրդարանի խոսնակը հայտնել է իր պատրաստակամությունը՝ աջակցելու Սինջարի եզդիներին իրենց հողում կայուն կենսապայմանների ապահովման և տեղահանվածների վերադարձի կազմակերպման հարցերում:
Ռուստամ Բաքոյանն էլ իր հերթին ներկայացրել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիների մտահոգությունները՝ Սինջարում շարունակվող ցեղասպանության վերաբերյալ: Վերջինս շեշտել է՝ անելու է ամեն հնարավորը սինջարյան ճգնաժամի լուծման հարցում իր ներդրումն ունենալու և եզդի ժողովրդին ճգնաժամից դուրս բերելու գործում: