Հասարակական

ՊԲ մարտական դիրքերում կատարվել են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ՊԲ մարտական դիրքերում կատարվել են մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվել, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մարտական դիրք այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:

«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ: Բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Ինչպես նաև բոլոր մարտական դիրքերը ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով: Բոլոր դիրքերում կառուցվել են նաև բաղնիքներ, որտեղ անձնակազմն ամեն օր լոգանք է ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:

Փոփոխության է ենթարկվել նաև զինծառայողների համար նախատեսված սնունդը: Զորամասի հրամանատարի տեղակալը նշում է, որ սննդից բողոքողներ այժմ չկան:

«Սննդի տեսականին փոխվել է: Անձնակազմն այս պահին գոհ է տեսականուց: Այժմ աշխատանքներ են տարվում, որ ամառային ժամանակահատվածում անձնակազմին ապահովեն նաև բանջարեղենային սնունդով»,- նշեց փոխգնդապետը:

Այս պահի դրությամբ փորձարկման մեջ են նաև զինվորների համար նախատեսված նոր ճտքակոշիկները, որոնց վերաբերյալ զորամասի անձնակազմը բողոքներ չունի:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում