Հասարակական

Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Մեքսիկան կգործակցեն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հանդիպման օրակարգում երկու երկրների միջև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում համագործակցության հեռանկարներն էին, քանի որ թե՛ նախարարի, թե՛ դեսպանի համոզմամբ` այստեղ Հայաստանն ու Մեքսիկան լուրջ ներուժ ունեն:

«Մենք գիտակցում ենք, որ ժողովրդավար և զարգացած հասարակություն ունենալու համար կրթության, գիտության և մշակույթի ոլորտում ունեցած ձեռքբերումները կարևոր նշանակություն ունեն։ Հաշվի առնելով մեր երկու ժողովուրդների պատմությունն ու համապատասխան կամքի առկայությունը՝ այս ոլորտներում արդյունավետ համագործակցության լայն հնարավորություններ կան»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

Խոսելով համագործակցության այնպիսի ուղղությունների մասին, ինչպիսիք են երկկողմ կրթամշակութային օրերի անցկացումը, հայերենից իսպաներեն և իսպաներենից հայերեն տարբեր ստեղծագործությունների թարգմանության հնարավորությունը՝ Նորմա Պենսադոն, մասնավորապես, նշել է.«Մեր երկրները հազարամյա պատմություն ունեն, մենք շատ ընդհանրություններ ունենք, և մեր նպատակներից մեկը կրթության և մշակույթի ոլորտում ունեցած կապերի ամրապնդումն ու զարգացումն է»։

Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը և Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Նորմա Պենսադոն նաև քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների, սպորտի և գիտակրթական ոլորտներում գործող և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև համատեղ հուշագրերի պատրաստման հետ կապված հարցեր։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում