Արմեն Սարգսյանը ծրագրել է շարունակական դարձնել ՀՀ-ում միջազգային համաժողովների անցկացումը
5 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ծրագրել է շարունակական դարձնել Հայաստանում անցկացվող միջազգային համաժողովների շարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արմեն Սարգսյանն ասաց հունիսի 10-ին, ՀՀ նախագահի նստավայրում լրագրողների հետ զրույցում:
«Ես ծրագրել եմ, որ այսպիսի միջազգային կոնֆերանսների շարքը լինի շարունակական և շատ ավելի մեծ: Մեկ օրում, նույնիսկ` 30 տարվա ընթացքում չես կարող երկիրդ կառուցել, անընդհատ աշխատանքի ներդրման կարիք ունես: Եվ շատ էական է, որ միայնակ չանես դա, ինքդ քո մեջ փակված, այլ անես աշխարհի հետ: Հիմա մենք շատ ենք խոսում ներդրումների մասին: Երկրում ներդրում ունենալու համար բազմաթիվ բաղադրիչների կարիք ունես: Պետք է ունենաս ճշգրիտ, լավ ձևավորված, մրցունակ հարկային և տնտեսական քաղաքականություն, պետք է ունենաս դատարաններ, որոնք անաչառ են, որովհետև չկա աշխարհում ներդրող, որը ներդրում կանի մի երկրում, որտեղ չունի վստահություն, որ կարող է պարզ ձևով իր խնդիրները դատարանում լուծել: Ներդրողներն այնպիսի երկրի կարիք ունեն, որտեղ հստակ ծրագիր կա: Բաղադրիչներից մեկն էլ երկրի ճանաչելիությունն է: Երկիրը կարող են ճանաչել զբոսաշրջային ճանապարհով կամ կարող են ճանաչել ինչ-որ հաջող կամ անհաջող գործարք անելով: Բայց կա ավելի ծրագրային ձև, որը հենց միջազգային մեծ կոնֆերանսների կազմակերպումն է: Այս տարի ես ծրագրում եմ ևս մեկ կամ երկու տարբեր ֆորմատով կոնֆերանսներ: Ես ծրագրում եմ, որ ունենանք առանձին մեծ կոնֆերանս արհեստական բանականության, ուտելիքի անվտանգության վերաբերյալ: Աշխարհում ամենակարևոր խնդիրներից մեկն է ուտելիքի անվտանգությունը, և Հայաստանն այդ ոլորտում կարող է մեծ ներդրում ունենալ»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ նախագահը նշեց, որ գագաթնաժողովի արդյունքների մասին խոսելը դեռ շուտ է, բայց առաջին արդյունքն այն է, որ Հայաստանը ճանաչում են:
«Աշխատանքային խումբ կա, որը վերլուծելու է բոլոր քննարկումները, փաստաթուղթ է դարձնելու, որն էլ հետո հրապարակվելու է: Բայց մեկ արդյունք արդեն կա` Հայաստանը ճանաչում են»,- նշեց նախագահը:
Հունիսի 8-ին Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում անցկացվեց «Մտքերի գագաթնաժողով»-ը («Summit of Minds»):
Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողով»-ը այս տարի առաջին անգամ անցկացվեց Հայաստանում: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալեց այս միջոցառումը Շամոնիից դուրս:
Միջոցառման մասնակիցների շարքում էին 2005-2007 թթ. Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը, Միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի Դաշնության նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի ներդրումների և ձեռնարկատիրության բաժնի տնօրեն Ջեյմս Ժանը, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Իտալիայի ազգային հետազոտական խորհրդի նախագահ Մասիմո Ինգուշոն, Siemens ընկերության տնօրեն Ժան-Մարկ Լիշկան (Jan-Marc Lischka), Ֆրանսիական THALES ընկերության փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմին, Սկոլկովոյի մենջմենթի դպրոցի խորհրդի ղեկավար, ՌԴ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Ալեքսանդր Վոլոշինը, Crans Montana ֆորումի նախագահ Պիեռ-Էմանուել Քուիրինը, ԱՄՆ Ազգային պաշտպանության համալսարանի հիմնադրամի նախագահ և տնօրեն Ուիլյամ Փարկերը և այլք:
Միջոցառմանը մասնակցեցին հայաստանցի և օտարերկրացի ավելի քան հարյուր հեղինակավոր քաղաքական ու ռազմական գործիչներ, գիտնականներ ու վերլուծաբաններ, գործարարներ ու ձեռնարկատերեր։
Գագաթնաժողովի շրջանակում անցկացվեցին մի շարք թեմատիկ քննարկումներ, որոնց շրջանակում անդրադադարձ կատարվեց Եվրասիայի և Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական գործընթացներին, բարձր տեխնոլոգիաներին ու կառավարմանը, արհեստական բանականությանը, թվային տնտեսությանը և այլն: