Տնտեսություն

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով

3 րոպեի ընթերցում

Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանումն աճել է ավելի քան 20 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը կառույցին անդամակցելուց ի վեր զգալիորեն աճել է: Աճել է նաև Հայաստանից վերջնական սպառման ապրանքների արտահանումը ԵԱՏՄ երկրներ, նախորդ տարի արտահանումն, ընդհանուր առմամբ, աճել է 20.7 տոկոսով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով խորհրդարանական լսումներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ԵԱՏՄ-ն Հայաստանի տնտեսության համար բացել է մեծ հնարավորություններ: Որոշ համեմատություններ ենք կատարել 2014 թվականի վերջի դրությամբ (նախքան անդամակցությունը) անդամ նույն երկրների հետ մեր հարաբերությունների քանակային ցուցանիշները: Եվ կարող ենք արձանագրել, որ առևտրաշրջանառության ծավալները Հայաստանի և ԵԱՏՄ մյուս անդամ երկրների այս ժամանակահատվածում տարեկան աճել են 34.5 տոկոսով: Ընդ որում` ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում աճել են 2.1 անգամ: Միայն 2018 թվականի ընթացքում Հայաստանից ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանումն աճել է 20.7 տոկոսով: Կարևոր է արձանագրել, որ այս արտահանումն իրենից ներկայացնում է վերջնական սպառման ապրանքներ »,-ներկայացրեց Խաչատրյանը:

Արտահանման ողջ ծավալի մեջ միայն 1.1 տոկոսն է եղել լեռնահանքային ոլորտի արտադրանք: Մնացած 99 տոկոսը վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսական չմշակված արտադրանքներ են: Խաչատրյանը սրանք համարեց կարևոր թվեր, որոնք խոսում են այն մասին, որ Հայաստանի արտադրության ապրանքները մրցունակ և պահանջված են ԵԱՏՄ անդամ երկրների սպառողների համար:

2018 թվականին դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվել են ալկոհոլային խմիչքներ, ադամանդ, թարմ և սառեցված բանջարեղեն, մրգեր, ծխախոտ, ոսկերչական իրեր, դեղագործական արտադրանք, շինարարական քարեր և այլն:

2019-ի հունվարի 1-ից Հայաստանը ստանձնել է ԵԱՏՄ նախագահությունը: Նախարարը նշեց՝ կարող ենք փաստել, որ այս տարվա ընթացքում Հայաստանը տնտեսական տեսանկյունից արձանագրում է շատ ավելի առարկայական ձեռքբերումներ, քան այն ժամանակահատվածի սկզբում, երբ անդամակցում էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում