Հարկային օրենսգրքի փոփոխությունները կնպաստեն արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացմանը. ԱԺ-ն քննարկում է փաթեթը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական նպատակներից է ազգային տնտեսության և հատկապես արտահանման կողմնորոշված ճյուղերի մրցունակության բարձրացումը՝ որպես երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի նախադրյալ: «Արմենպրես»-իհաղորդմամբ՝ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2018 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասինօրենքի նախագծերի փաթեթն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:
«Ընդհանուր առմամբ, նախագծերի փաթեթն ունի երեք հիմնական նպատակադրումներ՝ ազգային տնտեսության և հատկապես արտահանման կողմնորոշված նրա ճյուղերի մրցունակության բարձրացում՝ որպես երկարաժամկետ և կայուն տնտեսական աճի նախադրյալ, միկրոձեռնարկատիրության և փոքր ձեռնարկատիրության միջավայրի բարելավվում՝ որպես զբաղվածության սոցիալական խնդիրների լուծման կարևոր ճանապարհ և գործունեության առանձին ոլորտներում վերջին մեկ տարում նկատված և հրատապ լուծումներ պահանջող խնդիրների լուծում: Մինչ փաթեթի մշակումը, բազմակողմ և խորքային վերլուծություններ են կատարվել»,-վստահեցրեց Պողոսյանը:
Նա նկատեց, որ արտահանող տնտեսավարող սուբյեկտներին օժանդակելու և երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ապահովելու համար ընտրել են ուղղակի հարկերի գծով բեռի նվազեցման տարբերակը: Փոխնախարարը նկատեց, որ Հայաստանում ուղղակի հարկերի գծով բեռը համեմատաբար բարձր է:
Այս քաղաքականության ներքո առաջարկվում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և ներդնել եկամտային հարկի համահարթ դրույքաչափ՝ 2020 թվականի համար սկսելով 23 տոկոսից, հետագայում երեք տարիների ընթացքում այն նվազեցնելով հասցնել 20 տոկոսի: Պողոսյանը նկատեց, որ այդ փոփոխությունները ենթադրում են հարկային եկամուտների որոշակի կորուստ: «Մասնավորապես եկամտային հարկի գծով կորուստը գնահատվել շուրջ 30 մլրդ դրամի, իսկ շահութահարկի գծով կորուստը նախապես ավելի քան 11 մլրդ: Այդ կորուստները փոխհատուցվելու են անուղղակի հարկերի դրույքաչափերի բարձրացման հաշվին»,-ասաց փոխնախարարն ու նշեց, որ պետությունն ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսում: