Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպանին
1 րոպեի ընթերցում
![Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/977195.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Սլովակիայի նախագահության Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Ռուդոլֆ Միխալկային։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ստարտափ ընկերությունների գործեունությանն առնչվող մի շարք հարցեր։ Հատուկ ուշադրություն է հատկացվել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններին։
Ռուդոլֆ Միխալկան ներկայացրել է ԵԱՀԿ նախագահության կողմից մշակվող մի շարք ծրագրեր, որոնք, մասնավորապես, նախատեսում են աջակցություն տարածաշրջանային ստարտափ կազմակերպություններին: Դեսպանի խոսքով՝ դրանք կարող են նպաստել տարածաշրջանում խաղաղության և երկխոսության հաստատմանը, գործարարների միջև շփումներին համատեղ ծրագրերի միջոցով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանից ցամաքային ճանապարհով ապրանքների արտահանման խնդիրներին, մաքսային անցակետերի խոչընդոտներին և հնարավոր կարգավորումներին։