Հասարակական

Պատգամավորն առաջարկում է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում արգելել հիդրոէլեկտրակայանների կառուցումը

3 րոպեի ընթերցում

Պատգամավորն առաջարկում է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում արգելել հիդրոէլեկտրակայանների կառուցումը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտիներում արգելել հիդրոէլեկտրակայանների կառուցումը: Առաջարկների թվում է նաև լճի ջրի բացասական հաշվեկշիռի բացառումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորները ներկայացրեց արդեն շրջանառության մեջ դրած ՙՍևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրինագիծը:

«Նախագծով առաջարկում եմ 3 կարևոր փոփոխություն: «Սևանա լճի մասին» օրենքում մի քանի տարի առաջ կատարել էին փոփոխություն, որով հնարավորություն էին տվել ունենալ ջրային բացասական հաշվեկշիռ, այսինքն՝ տարեցտարի ջրի մակարդակը կարող էր նվազել: Մենք դա փոխում ենք՝ սահմանելով, որ Սևանա լճի ջրի բացասական հաշվեկշիռ չենք կարող ունենալ: Հաջորդ փոփոխությամբ Սևանա լճի կենտրոնական և անմիջական ազդեցության գոտում հիդրոէլեկտրակայանների կառուցումն արգելվում է»,- ներկայացրեց Կարապետյանը:

Անդրադառնալով վերջին փոփոխության նպատակին՝ պատգամավորը նշեց՝ ակնհայտ է, որ ինչ-որ ընկերություններ ուսումնասիրություններ էին կատարում նոր հիդրոէլեկտրակայանների համար: Դրա համար նա կարծում է, որ պետք է օրենքով արգելել: Նա շեշտեց, որ հիդրոէլեկտրակայանների կառուցումը ձկնապաշարի համար սպառնալիք է:

Առաջարկվող մյուս փոփոխությամբ ֆիքսվում է, որ Սևանա լճի ջուրը միայն խմելու ջուր է և որպես խմելու ջուր դրա պահպանումը շատ ավելի կարևոր է, քան ոռոգման և էներգետիկ նպատակներով օգտագործումը: «Մեզ պետք է մաքուր, սառնորակ խմելու ջուր: Սևանից 170 մլն խմ ջուր ամեն տարի գնում է և հիդրոէլեկտրակայաններին ու ոռոգմանը: Մենք բացառում ենք ավելի ջրառը»,-նշեց Կարապետյանը:

Հարցին, թե հավելյալ ջրառը բացառելու պարագայում ինչպես է պատկերացնում ոռոգման ջրի խնդրի լիարժեք լուծումը՝ պատգամավորը նշեց, որ նախկինում ամեն տարի ջրամբարների և Սևանա լճի ջուրն ուղղել են հիդրոէլեկտրակայաններին, ջրամբարները դատարկվել են: «Ոռոգման սեզոնին կառավարությունը հայտարարել է, որ երաշտ է, ջրամբարներում սակավաջրություն է և պետք է Սևանից ավելի ջուր բաց թողնենք: Այս տարի գարնանը ջրամբարներից հիդրոէլեկտրակայաններին ջուր չենք տվել, հիմա բոլոր ջրամբարները լիքն են, և ես վստահ եմ, որ ջրամբարների ջուրն ու Սևանի 170 մլն խմ ջուրը բավարարելու է, որպեսզի մենք ոռոգման ջրի հարցը լուծենք»,-ասաց պատգամավորն ու հավելեց՝ բավական է ոլորտում բացառել կոռուպցիան, և Սևանից հավելյալ ջրառի կարիք չի լինի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում