Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը դեղ արտադրողների հետ քննարկել է ոլորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է դեղագործության ոլորտի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու ոլորտի խնդիրները («Երևանի քիմիա-դեղագործական ֆիրմա», «Էսկո ֆարմ», «Թի-ֆարմա», «Լիկվոր», «Մեդիկալ Հորիզոն», «Տոնուս-լես», «Թուֆենքչի գրուպ», «Ֆարմատեք»)։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեղ արտադրողները ներկայացրել են միջազգային GMP` պատշաճ արտադրական գործունեության չափանիշներին համապատասխանելու հավաստագրի ստացման հետ կապված խնդիրները։

Ի թիվս ոլորտի այլ խնդրահարույց հարցերի՝ քննարկվել են դեղերի գրանցման, վերագրանցման և դրանց վճարների հետ կապված խնդիրները։

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընկերությունների ղեկավարների հետ քննարկել է նախորդ տարվա ընթացքում գրանցված արտադրության և արտահանման ծավալները և դինամիկան, դրանց նպաստող կամ խոչընդոտող պատճառները։

Հանդիպման ընթացքում բարձրացվել են նաև արտահանման և մարքեթինգի հետ կապված որոշ խնդիրներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ «ՀՀ դեղ արտադրողների միությունը» կներկայացնի խնդիրների և առաջարկությունների ամփոփաթերթ։

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ խնդիրները կդասակարգվեն ըստ կարգավորման առաջնահերթության և ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար կտեղեկացվեն դրանց լուծման առաջընթացի վերաբերյալ։

Դեղ արտադրողները շնորհակալություն են հայտնել քննարկման և նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում