Հասարակական

Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ

2 րոպեի ընթերցում

Բնապահպանության նախարարությունը խորացնում է համագործակցությունը Միավորված ազգերի կազմակերպության կառույցների հետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը գոհունակությամբ արձանագրել է, որ վերջին շրջանում ՄԱԶԾ-ի հետ արդյունավետ համագործակցությանը զուգահեռ ընդլայնվել է փոխգործակցությունը նաև ՄԱԿ-ի մյուս կառույցների՝ Շրջակա միջավայրի կազմակերպության (UNEP), ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO), Արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) հետ և կարևորել Շոմբի Շարպի ղեկավարած հայաստանյան գրասենյակի դերը համատեղ ծրագրերի արդյունավետ իրականացման առումով։ Էրիկ Գրիգորյանը տեղեկացրել է, որ լայնածավալ համագործակցության ծրագրեր են մեկնարկում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՝ Հայաստանում կենսոլորտային պահպանավայրի, գեոպարկի հիմնման և Հայաստանի Ջրային ոլորտի համապարփակ ռազմավարության մշակման նախաձեռնություններում՝ հատկանշելով, որ վերոհիշյալ կառույցը միակն է, որը երկար տարիներ միջկառավարական մակարդակով զբաղվում է ջրերի խնդիրների կարգավորման հարցերով։

Բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև բնապահպանության ոլորտում մեկնարկած բարեփոխումների ընթացքը և հիմնական ուղղություններով առկա արդյունքները։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը կարևորել է կայուն զարգացման հիմնական բաղադրիչի՝ բնապահպանության ուղղությամբ աշխատանքների ընդլայնումն է և շեշտել, որ ներկայացուցչության մանդատի ներքո պատրաստակամ են աջակցել ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ծրագրերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում