Հասարակական

Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Տոնոյան

2 րոպեի ընթերցում

 Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը. Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրապահի օրվա կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հավաստիացրեց, որ Երկրապահ կամավորականների միությունն ունի Պաշտպանության նախարարության ամբողջական աջակցությունը: « Կարծում եմ, դա փոխադարձ է: Երկրապահի շնորհիվ մենք հաղթել ենք մեր այս հերոսամարտում և այդ հաղթանակները բերում են խաղաղության: Երկրապահը գոյություն ունի և գոյություն է ունենալու, ու այն մեր ժողովրդի ցասումն է՝ ընդդեմ անարդարության մեր անվտանգության խնդիրների վերաբերյալ»,-ասաց նա:

Տոնոյանի խոսքով՝նախարարությունը շարունակում է համագործակցել ամենակարևոր հասարակական կառույցի հետ: «Մենք մեծ աշխատանք ենք տանելու մատաղ սերնդի դաստիարակման հարցում: Պատանի երկրապահներին ուղղված ծրագրերը պետք է շարունակվեն և դա շատ կարևոր է հայրենասիրաբար դաստիարակելու սերնդին»,-հավելեց Տոնոյանը:

Մայիսի 8-ը, որպես երկրապահի օր նշելու որոշումը կայացրել է ԵԿՄ 3-րդ համագումարը` 1997թ. նոյեմբերին: Հետագայում, 2002թ. փետրվարին ԱԺ «Հայաստան» երկրապահական խմբի ակտիվ ջանքերի շնորհիվ, ՀՀ ԱԺ որոշմամբ երկրապահի օրը ընդգրկվել է ՀՀ պետական տոնացույցում: Մայիսի 8-ը կապված է 1992թ. Շուշիի ազատագրման օրվա հետ: ԵԿՄ վարչությունն ամեն տարի տարաբնույթ միջոցառումներով ավանդաբար նշում է երկրապահի օրը:

Երկրապահի օրվա և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, մայիսի 8-ին այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում