Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ

2 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 7-ին այցելել է Հայաստանի վետերանների միավորում, հանդիպել Հայրենական մեծ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը ողջունել և շնորհավորել է վետերաններին մայիսյան տոների առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն, ոգու արիություն, խաղաղ ու երջանիկ կյանք իրենց պաշտպանած հայրենիքում: Բարձր գնահատելով յուրաքանչյուրի վաստակը միասնական հաղթանակի կերտման գործում` Դավիթ Տոնոյանը հույս է հայտնել, որ վետերանները հավաքական նույն կերպարով, նվիրումով ու ապագայի հանդեպ հավատով դեռ շարունակելու են կրթել հայրենիքի մարտիկների նորանոր սերունդներ: «Հարգարժան վետերաններ, ձեր հաղթանակի շնորհիվ էր, որ հայ ժողովուրդը նորից չբռնեց գաղթի ճամփան, չզրկվեց իր հայրենիքից: Չլիներ ձեր հաղթանակը, չէր լինի ձեր թոռների հաղթանակը Արցախյան պատերազմում: Ուզում եմ համոզված լինեք, որ Արցախում տարած հաղթանակը, բանակաշինության տարիների բոլոր նվաճումները, նաև 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների ձեռքբերումները հավասարապես ձերն են: Դրանք ճյուղեր են, որոնք աճել են հզոր արմատից, իսկ այդ արմատը դուք եք»,- ընդգծել է Դավիթ Տոնոյանը:

ՀՀ պաշտպանության նախարարը պատասխանել է վետերաններին հետաքրքրող հարցերին:

Հանդիպման ավարտին Դավիթ Տոնոյանը մի շարք վետերանների պարգևատրել է խոհրդանշական հուշամեդալներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում