Տոնոյանն անդրադարձել է «Էրեբունի» օդանավակայանի ռուսական ավիացիոն բազան վերազինելու լուրերին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է «Էրեբունի» օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազան 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներով վերազինելու լուրերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Տոնոյանն ապրիլի 26-ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ բազան ժամանակի ընթացում մոդեռնացվելու է:
«Ռուսական բազան մոդեռնացվելու է ժամանակի ընթացքում, և համապատասխան որոշումներ են կայացվելու սպառազինության տեսակի ու քանակի վերաբերյալ»,- ասաց Տոնոյանը:
Ապրիլի 23-ին ՏԱՍՍ-ին Ռուսաստանի ռազմական գերատեսչության մի աղբյուր հայտնել է, որ Հայաստանի «Էրեբունի» օդանավակայանում ռուսական 3624-րդ ավիացիոն բազային 4++ սերնդի Սու-30ՍՄ բազմանպատակ կործանիչներ կմատակարարեն ներկայում սպառազինության մեջ առկա ՄիԳ-29 ինքնաթիռների փոխարինման համար: Ընդամենը պլանավորվում Է մատակարարել 18 մեքենա: