Հասարակական

ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

2 րոպեի ընթերցում

ՊՎԾ-ն Զարթոնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի դատախազություն

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունը Արմավիրի մարզի Զարթոնք համայնքի գյուղապետարանում իրականացված ուսումնասիրությունների տեղեկանքը կուղարկի ՀՀ Գլխավոր դատախազություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ապրիլի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ Արգիշտի Քարամյանը:

«Ուսումնասիրության և մշտադիտարկման արդյունքում որոշակի խնդիրներ հայտնաբերվել են: Նախնական տեղեկանք ունենք, որն ամփոփվում է: Տեղեկանքում արտացոլվել են առերևույթ հանցագործության մասին վկայող հանգամանքներ, որոնք բնականաբար համապատասխան ընթացք են ստանում: Ամենայն հավանականությամբ երկուշաբթի օրը կստանան համապատասխան ընթացք՝ տեղեկանքը, որպես հանցագործության մասին հաղորդում, կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,- ասաց Քարամյանը:

Զարթոնքի գյուղապետ Պարույր Սարգսյանը նշեց, որ երկուշաբթի օրը հանդես կգա հայտարարությամբ:

Ապրիլի 13-ի առավոտյան Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում կրակոցներ են հնչել, որից հետո գյուղացիները փակել էին գյուղի մոտակայքով անցնող Երևան-Գյումրի երկաթգիծը: Գյուղացիները պահանգում էին գյուղապետ Պարույր Սարգսյանի հրաժարականը: ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո գյուղացիները բացեցին երկաթգիծը:

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 13-ի վաղ առավոտյան ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Զարթոնք գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է եղել։ Այդ ընթացքում մասնակիցներից մեկը որսորդական հրացան է գործադրել։ Ահազանգին արագ արձագանքած ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները կանխել են միջադեպի հնարավոր անդառնալի հետևանքները։ Բացի այդ, ոստիկանները վնասազերծել են հրացան գործադրած անձին, նրան և միջադեպի մի քանի մասնակիցների բերման են ենթարկել բաժին։ Միջադեպի մասնակից հինգ անձ դիմել է բուժօգնության։ Նրանցից երկուսի վնասվածքը, նախնական վարկածով' առաջացել է որսորդական փամփուշտի կոտորակից։ Տեղում ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծառայողներ վերահսկում են օպերատիվ իրավիճակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում