Սյունիքի մարզում ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողներից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա. Արծրուն Հովհաննիսյան
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, նրանցից միայն մեկը գուցե բժշկական միջամտության կարիք ունենա:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Ընդամենը մեկ զինծառայող թեթև վնասվածք է ստացել: Երեկ միջին էր գնահատվում, այսօր արդեն թեթև: Գուցե բժշկական միջամտության կարիք կլինի: Մյուսներին, հավանաբար, այսօր կամ վաղը դուրս կգրեն, և իրենք կանցնեն իրենց բնականոն ծառայությանը»,- նշեց Հովհաննիսյանը:
Արծրուն Հովհաննիսյանը ավտովթարի պատճառները չնշեց, դրանք կպարզվեն քննության ընթացքում:
«Պատճառների մասին դեռ վաղ է խոսելը: Կլինի քննություն, կիմանանք պատճառները: Բայց տեղանքը բավական բարդ է, ճանապարհը ծանր, և ռիսկեր միշտ կան այս տեղանքներում»,- ասաց նախարարության խոսնակը:
Ապրիլի 11-ին, ժամը 20:31-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. ՊՆ թիվ N զորամասի ավտոմեքենան շրջվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մեղրի-Ծիրանի ձոր ավտոճանապարհի 22-րդ կմ-ին թիվ N զորամասի «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ժայռին և շրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, թիվ N զորամասի զինծառայողներ Շ.Գ.-ն (ծնված 1995 թ.), Ա.Գ.-ն (ծնված 1998 թ.), Մ.Ջ.-ն (ծնված 1999 թ.), Ս.Բ.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ն.-ն (ծնված 1999 թ.), Է.Ս.-ն (ծնված 1999 թ.), Պ.Ք.-ն (ծնված 1999 թ.), Գ.Գ.-ն (ծնված 1999 թ.), Դ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Հ.-ն (ծնված 1999 թ.), Շ.Ա.-ն (ծնված 1999 թ.), Վ.Ս.-ն (ծնված 1999 թ.), Ա.Ա.-ն (ծնված 2000 թ.), Կ.Մ.-ն (ծնված 2000 թ.), Գ. Ս.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ս.-ն (ծնված 2000 թ.), Գ.Ա.-ն (ծնված 2000 թ.), Ա.Ե.-ն (ծնված 2000 թ.) և Ռ.Ս.-ն (ծնված 2000 թ.) հոսպիտալացվել են Մեղրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: