Իրավունք

Մանե Թանդիլյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացման հարցը քննարկել ԿԲ-ի կողմի առանձին ներկայացվող առաջարկով

2 րոպեի ընթերցում

Մանե Թանդիլյանն առաջարկում է գրավատների և փոխանակման կետերի տուրքի բարձրացման հարցը քննարկել ԿԲ-ի կողմի առանձին ներկայացվող առաջարկով

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկում է հարկային բարեփոխումների փաթեթից հանել գրավատների, փոխանակման կետերի բարձրացմանը վերաբերող փոփոխությունները և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես Կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թանդիլյանն այս մասին գրառում է կատարել իր «Ֆեյսբուք»-ի էջում:

«Գրավատների և փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացումը որևէ առնչություն չունի հարկային բարեփոխումների հետ: Այդ ոլորտի պատասխանատուն հանդիսանում է Կենտրոնական բանկը և անտրամաբանական է ֆինանսական վերահսկողության շրջանակում ներկայացվող առաջարկը ներկայացնել կառավարության հարկային բարեփոխումների շրջանակում»,-գրել է Թանդիլյանը:

Նրա կարծիքով՝ ոլորտի վերաբերյալ կենտրոնական բանկի մտահոգությունները, լուծման ուղիները միանշանակ անհրաժեշտ է քննարկել և իրականացնել բարեփոխումներ այդ ոլորտներում: «Հետևաբար, առաջարկում եմ կառավարությանը հարկային բարեփոխումների փաթեթից հանել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆինանսական հաստատություններին վերաբերյալ փոփոխությունների մասը և այդ հարցը խորհրդարանում քննարկել որպես կենտրոնական բանկի կողմից առանձին ներկայացվող առաջարկ՝ ոլորտում առկա խնդիրների լուծման համատեքստում»,-եզրափակել է պատգամավորը:

Ապրիլի 10-ին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, անդրադառնալով հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին, նշել էր, որ գրավատների, փոխանակման կետերի պետական տուրքի բարձրացմամբ լուծում են ոչ միայն ֆիսկալ, այլ նաև ոլորտի կարգավորման խնդիր:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում