Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը քսաներորդ դարասկզբից մինչ օրս առաջին անգամ ցուցադրվեց մեկ հարթակում
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մանկական գրքի պատկերազարդման հայկական արվեստը» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց ապրիլի 2-ին Հայաստանի ազգային գրադարանում, ներկայացվեցին Հակոբ Կոջոյանի, Հրաչյա Ռուխկյանի, Գրիգոր Խանջյանի, Պերճ Սարկիսյանի և այլոց նկարազարդումներով գրքեր:
«Մինչ 19-րդ դարի երկրորդ կեսը, երբ գրաճանաչությունը լայն տարածում չուներ, մեծ նշանակություն ուներ նկարազարդման, պատկերազարդման արվեստը: Որքան գրաճանաչությունը լայն տարածում ստացավ, այնքան նկարազարդման արվեստը ետին պլան մղվեց և դարձավ մանկական գրականության առանձնահատկությունն ու մենաշնորհը, այնինչ նկարազարդումն առանձին գիրք է գրքի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:
Նրա խոսքով`ցուցահանդեսը նախաձեռնել են Մանկական գրքի միջազգային օրվա կապակցությամբ` նկարազարդման արվեստի կարևորությունն ընդգծելու նպատակով: «Կաշխատենք, որ մեր գրադարանում նման ցուցադրությունները մշտական բնույթ ստանան: Մտածում ենք Հոֆմանի «Գաճաճ Ցախես` անվանյալ Ցիննոբեր» գրքի հրատարակման 200-ամյակի կապակցությամբ համագործակցել Թերլեմեզյանի ուսանողների հետ և նկարազարդումների նոր ցուցահանդես բացել»,-ասաց Սարիբեկյանը:
Հովհաննես Թումանյանի, Խնկո-Ապոր և այլ դասականների գրքերի կողքին «Անտարես» հրատարակչությունը ներկայացրել էր ժամանակակից գրող Գրիգի «Առևանգում, որ ցնցեց կատուների քաղաքը» գիրքը և դրա հիման վրա արված նկարազարդումները:
Գրքի նկարազարդող Արաքսյա Սարգսյանի համոզմամբ` նկարազարդումները երեխաներին հնարավորություն են տալիս ավելի հեշտ ընկալել գրքի բովանդակությունը: «Տպավորիչ են գրագետ նկարազարդումները, հատկապես մանկական գրականության դեպքում, որովհետև երեխաներին առաջինը գույնն է գրավում, նոր տեքստը: Նկարազարդելուց առաջ ծանոթանում եմ ոչ միայն գրքի բովանդակությանը, այլև զրուցում եմ հեղինակի հետ, փորձում եմ հասկանալ ստեղծագործության ակունքները, թե ինչից է հեղինակը ոգեշնչվել»,-ներկայացրեց նկարչուհին:
«Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանն ասաց, որ նկարազարդման ասպարեզում խնդիրներ կան, բայց կարևոր աշխատանքներ իրականացվում են: Ըստ նրա` անգամ նկարազարդումների ֆակուլտետներ է անհրաժեշտ ստեղծել: Նիկողոսյանն արժևորեց ցուցահանդեսն ու շեշտեց, որ միշտ պատրաստ են մասնակցել նման նախաձեռնություններին: