Տնտեսություն

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Տիգրան Խաչատրյանը և ԱՄՆ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը դեսպանին շնորհավորել է նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ դիվանագիտական առաքելությանմեջ:

Դեսպան Թրեյսին նախարարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ուրախ է քննարկել երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունները խորացնելու, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի համար առավել բարեկեցիկ ու առավել պայծառ ապագա ապահովելու հնարավորությունները:

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ մշտապես քննարկվել են ոչ միայն օրակարգային խնդիրները, այլև՝ Նահագների աջակցությունը եղել է հուշող՝ Հայաստանի տնտեսությունն ավելի մրցունակ դարձնելու գործում կարևոր բարեփոխումների իրականացման, վաղվա օրակարգը սահմանելու գործում։

Նախարարը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության տնտեսական առաջնահերթությունները: «Մենք ներկա ծրագրում արել ենք կարևոր շեշտադրում՝ տնտեսական աճի որակը, որը պետք է ազդի շատ թվով մարդկանց վրա։ Այդպիսով, տնտեսական ներառականությունը համարում ենք այն հիմնական չափումը, որով կառավարությունը պետք է հաշվետու լինի իր վարած քաղաքականության արդյունքների համար»,-ասել է նախարարը:

Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ձեռնարկությունների ցածր արտադրողականության խնդրին և այս համատեքստում քննարկել դրանց տեխնիկական հագեցվածության և վերազինման հարցերը:

Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը և դեսպանը առաջանցիկ տնտեսական զարգմացման ապահովման տեսանկյունից քննարկել են ժամանակակից կրթության որակի բարելավման, սեփականության իրավունքների պաշտպանության և գործող վարչարարության առավելագույն կրճատման կարևորությունը։

Կողմերը մտքեր են փոխանակել նոր ներդրումների ներգրավման, արտաքին առևտրային հարաբերությունների զարգացման և գործարար միջավայրի բարելավման վերաբերյալ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում