Հասարակական

Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան

3 րոպեի ընթերցում

Ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է ապահովված լինեն անհրաժեշտ պայմաններով. Զարուհի Բաթոյան

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այսուհետ ընտանիքում բռնության ենթարկվածներին տրամադրվող ապաստարանները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կառավարությունը ընդունեց ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները, ընտանիքում բռնության ենթարկվածների համար նախատեսված ապաստարանների ֆինանսավորման պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու, ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի` կարգավորվում են ընտանիքում բռնության ենթարկվածների ապաստարաններին և դրանց անձնակազմին ներկայացվող պահանջները:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարԶարուհի Բաթոյանը նշեց, որ ըստ նախագծի` ապաստարանը պետք է ապահովված լինի ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ պայմաններով, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմաններով, երեխաների ապրելու, խնամքի և դասապատրաստման համար անհրաժեշտ պայմաններով: «Ապաստարանը պետք է ունենա ընտանիքում բռնության ենթարկվածների խնամքի տակ եղող երեխաների դասապատրաստման համար անհրաժեշտ կահույքով և պարագաներով հագեցած առնվազն մեկ սենյակ, բոլոր անհրաժեշտ պայմանները ընտանիքում բռնության ենթարկվածների շուրջօրյա անվտանգությունն ապահովելու համար։ Ներքին կարգապահական կանոնները հաստատում է ապաստարանի ծառայություն մատուցող կազմակերպության ղեկավարը», -ասաց նա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց, թե Հայաստանում կա՞ն, արդյոք, այդ պահանջներ բավարարող ապաստարաններ, Զարուհի Բաթոյանը պատասխանեց, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում երկու ապաստարան կա՝ հիմնված բացառապես հասարակական կազմակերպությունների կողմից:

«Ցավոք, Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեռ որևէ ֆինանսական աջակցություն չի տրամադրել, սակայն այս տարի մենք նախատեսում ենք դա իրականացնել, և կառավարության այս որոշումը կտարածվի այսուհետ ստեղծվող յուրաքանչյուր ապաստարանի համար: Այսինքն` անկախ նրանից այդ ապաստարանները կստեղծվեն պետության կողմից, պետության աջակցությամբ, թե հասարակական կազմակերպությունների կամ միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, սրանք այն նվազագույն պայմաններն են, որոնք պետք է ապահովի ապաստարանը»,- ասաց Բաթոյանը:

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում